Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում` Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում, հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ:
Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզի 14-35 տարեկան երիտասարդները, կրթական հաստատությունների ներկայացուցիչները։
Հանդիպման հիմնական նպատակն էր երիտասարդների գիտակցության մեջ քաղաքացիական արժեքների ամրագրումը, «անկախություն», «ինքնիշխանություն», «պետականություն» հասկացությունների արժևորումը, պետության նկատմամբ պատասխանատու և հոգատար վարքագծի ձևավորումը։
Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Քաղաքացու օրվա խորհրդին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին, Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացին և այլ թեմաների: Մասնավորապես, վարչապետը խոսելով Տավուշի մարզի հատվածում սահմանազատման գործընթացի մասին՝ ընդգծել է, որ այն իրականացնելու որոշումները կայացվել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ամրագրելու նպատակով։
Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անկյունաքարերն են։
«Մենք այս որոշումները կայացնում ենք այն բանի արձանագրմամբ, որ հասկանում ենք` եթե պետության կարևոր նախապայմաններից մեկը քաղաքացին է, ապա երկրորդը՝ տարածքն է և տարածքային ամբողջականությունը։ Ի՞նչ է նշանակում տարածքային ամբողջականություն։ Տարածքային ամբողջականություն նշանակում է տվյալ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածք։ Տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված»,- ընդգծել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտագաղթի խնդրին` հավելելով, որ Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով։ «Խաղաղության օրակարգն արտագաղթը կանխելու մասին է, որովհետև երբ նույն սոցիալ-հոգեբանական շերտը դիտարկում ենք` տեսնում ենք, որ պատերազմն էլ մեծ կապ ունի արտագաղթի հետ, որովհետև Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով։ Խաղաղության օրակարգը դրա մասին է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են Ակադեմիական քաղաքի հիմնմանը, երիտասարդների շրջանում ստեղծագործ աշխատանքի խրախուսմանը և այլ թեմաների:
Հաջորդիվ միջոցառումը շարունակվել է Գավառի կենտրոնական հրապարակում, որտեղ տաղավարային ցուցադրություններով ներկայացել են Գեղարքունիքի մարզի 5 համայնքները, Գավառ համայնքի երիտասարդ ձեռներեցները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող, սննդի արտադրությամբ զբաղվող անհատներն ու կազմակերպությունները։ Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին:
Միջոցառման շրջանակում կազմակերպվել են վարպետաց դասեր (քյուֆթայի և փախլավայի պատրաստման), հեծանվավազք, մարզական ցուցադրական ելույթներ։թթ.jpg (816 KB)
Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ վարչապետի աշխատակազմը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը և Գավառի համայնքապետարանը։
Վարչապետ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է նաև Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի տարածքում գտնվող Բերդկունք կամ Սպիտակ բերդ ամրոց, որտեղ իրականացվում են տարածքի հնագիտական պեղումներ:
Կարծիքներ