Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել
Ապրիլի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Թալինի բաժին են զանգահարել «Աշտարակ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «Պոլիտրավմա, փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, գլխի հիմի կոտրվածք, տրավմատիկ շոկ 2-րդ աստիճանի» մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները տեղում պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն է, ով վնասվածքները ստացել է նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում «Կամուրջ Շին» ՓԲԸ-ին պատկանող տնակը վերամբարձ կռունկով տեղափոխելիս։
Նա մոտ 5 մետր բարձրությունից՝ տնակից, վայր է ընկել: Նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Ֆրունզիկ Զ․-ին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ մոտ 2 ժամ անց գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ֆրունզիկ Զ․-ն աշխատում է «Կամուրջ Շին» ՓԲԸ-ում՝ որպես բետոնագործ:
Կարծիքներ