«Վարպետության դաս. Մեկնարկ». Նատալյա Տրուլը հանդես կգա վարպետության դասերով
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ «Վարպետության դաս. Մեկնարկ» ծրագրի շրջանակում կիրականացվեն վարպետության դասեր:
Հոկտեմբերի 16-21-ը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի կունենան ՌԴ վաստակավոր արտիստ, դաշնակահար, պրոֆեսոր Նատալյա Տրուլի վարպետության դասերը:
Հոկտեմբերի 26-30-ը Ա․ Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում կկայանան նաև ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար, ԵՊԿ ամբիոնի վարիչ և պրոֆեսոր Կարինե Օհանյանի վարպետության դասերը։
Նշենք, որ «Վարպետության դաս. Մեկնարկ» ծրագրի իրականացումը ստեղծում է համապատասխան հարթակներ և հնարավորություն՝ ապահովելու հատուկ պլան՝ ուսուցման նոր մեթոդի, կատարելագործման և ունակությունների զարգացման ուղղությամբ: Ծրագրի շնորհիվ շահառուները հնարավորություն են ստանում առավել նպաստավոր պայմաններում զարգացնել մասնագիտական կարողություններն ու տաղանդը, ձեռք բերել բեմական փորձ, միջազգային շփումներ, ինչպես նաև մասնակցել աշխարհի լավագույն մանկավարժների և երաժիշտների վարպետության դասերին:
Հիշեցնենք, որ «Վարպետության դաս. Մեկնարկ» ծրագրի շրջանակում 2022 թ. ընթացքում իրականացվել է 9 վարպետության դաս: Դրանք անցկացրել են Brescia Classica (Իտալիա) և Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթների դափնեկիր Հռիփսիմե Աղաքանյանը (դաշնամուր), միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն Մանասյանը (դաշնամուր), Բախի միջազգային մրցույթի (Լայպցիգ), Վալենտինո Բուկկիի անվան միջազգային մրցույթի (Հռոմ) դափնեկիր Դավիթ Մելքոնյանը (թավջութակ), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Բագրատ Վարդանյանը (ջութակ), ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և միջազգային մրցույթների դափնեկիր, Կոմիտասի անվան ազգային քառյակի առաջին ջութակահար և գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը (ջութակ), ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանը (թավջութակ), Բախի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր, Ստրասբուրգի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Աննա Մելքոնյանը (ջութակ), ՀՀ վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը (դաշնամուր), UCSI համալսարանի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Փնգ Թին Խվան (Սինգապուր-Մալայզիա):
Վարպետության դասերին մասնակցել է շուրջ 100 շնորհալի պատանի երաժիշտ-կատարող՝ Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական ու արվեստի դպրոցներից: Ծրագրի շրջանակում կազմակերպվել է 9 համերգ:
Կարծիքներ