Կանադան ևս բոյկոտել է 2022-ի Պեկինի Օլիմպիական խաղերը
Կանադան բոյկոտելու է 2022 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերը։ Այս մասին չորեքշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ «Կանադան խորապես մտահոգված է Չինաստանում մարդու իրավունքների ոտնահարման մասին հաղորդումներով: Արդյունքում, մենք դիվանագիտական ներկայացուցիչներ չենք ուղարկի Պեկինի Օլիմպիական և Պարալիմպիկ ձմեռային խաղերին», – գրել է նա Twitter-ում: Միաժամանակ, երկիրը կշարունակի աջակցել այն մարզիկներին, ովքեր հանդես կգան խաղերում։ Կանադան դարձել է չորրորդ երկիրը, որը բոյկոտել է Պեկինի Օլիմպիական խաղերը։ Ավելի վաղ Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Նոր Զելանդիան որոշել էին դիվանագետներ չուղարկել խաղերին։ Բայց վերջինս իր որոշումը կապել է ոչ թե բոյկոտի, այլ համաճարակի հետ։
Գերմանիայի նոր կանցլեր Օլաֆ Շոլցը, պատասխանելով այս թեմայի վերաբերյալ հարցին, դեմ է արտահայտվել հապճեպ քայլերին և իրավիճակը միջազգային մակարդակով քննարկելուն։ Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-ից 22-ը, Պարալիմպիական խաղերը՝ 2022 թվականի մարտի 4-ից 13-ը։
Կարծիքներ