Առցանց ձևաչափով կայացել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 17-ին տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության, պաշտպանության և անվտանգության, սոցիալ-տնտեսական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստին:
Նիստին մասնակցել են նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Անդրանիկ Քոչարյանը, Գևորգ Պապոյանը, Ալեքսեյ Սանդիկովը և Շիրակ Թորոսյանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային ժողովը:
Ողջունելով մասնակիցներին՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ նիստի ընթացքում արդյունավետ աշխատանք կիրականացվի:
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նախորդ օրը Մոսկվայում կայացած ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովին, որը նվիրված էր Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակին:
Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ գագաթնաժողովի ընթացքում երկրների ղեկավարները հանգամանորեն քննարկել են կազմակերպության խնդիրները, անդրադարձել ձեռքբերումներին ու բացթողումներին, ինչպես նաև նախանշել հետագա քայլերը:
«Կարծում եմ՝ խորհրդարանական հարթությունում մենք հավատարիմ կմնանք նույն նշաձողին, և առկա համաձայնագրերը կոնկրետ բովանդակությամբ լրացնելու մեր համատեղ ջանքերը կմեծացնեն ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի իրական ներդրումը կազմակերպությունում մեր երկրների բազմակողմ փոխգործակցության ամրապնդման և ընդլայնման գործում»,- ընդգծել է խորհրդարանի փոխխոսնակը:
Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համատեղ քայլերը, ԽՎ-ի 2021-2025 թթ. գործունեության հեռանկարներն ու օրակարգային այլ հարցեր:
Խորհրդարանական վեհաժողովում Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի դիմումի և ՀԱՊԿ ԽՎ-ում նրան դիտորդի կարգավիճակ տալու հարցի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը վերահաստատել է այդ առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումը՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովն այդ հարցում առարկություններ չունի:
Կարծիքներ