Միշել Օբաման մի անգամ դեն է նետել ամուսնական մատանին
Փաստաբան, ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշելը պատմել է ապագա ամուսնու հետ վեճի մասին, որը եղել է իրենց նշանադրության ժամանակ:
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման պատմել է, թե ինչպես է մի անգամ հանել ու դեն նետել իր ամուսնական մատանին: Այս մասին նա անկեղծացել է ամերիկացի կատակերգու Քոնան Օ’Բրայենի հետ ամուսնության մասին զրույցի ժամանակ, գրում է Marie Claire-ը:
Միշելը խոսել է ամուսնու՝ Բարաք Օբամայի հետ ամուսնության մասին, որի հետ նա ամուսնացած է 1992 թվականից:
Նախկին առաջին տիկինը խոստովանել է, որ իրենց ընտանեկան կյանքում վեճեր էլ են եղել: Օրինակ՝ զույգի նշանադրության ժամանակ Միշելը հանել է իր ամուսնական մատանին ու դեն նետել այն:
«Ես բարկացա նրա վրա ինչ-որ պատճառով, հանեցի իմ ամուսնական մատանին և ասացի. «Մոռացիր ամեն ինչի մասին, ինձ սա այլևս պետք չէ» և նետեցի մատանին»,- պատմել է 56-ամյա Օբաման:
Նա ավելացրել է, որ վեճը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զույգը Միշելի մեքենայի մեջ է եղել: Ըստ նրա, ինքն, իհարկե, մատանին դեն չի նետել, այլ նետել է այնտեղ, որտեղից հետո ավելի հեշտությամբ կարող էր գտնել:
Նա դա արել է «էֆեկտի համար»:
«Ամեն անգամ, երբ առիթ է լինում ինձ հիշեցնելու, թե որքան արագ կարող եմ բռնկվել, նա հիշեցնում է այդ պատմությունը: Նա հիշում է դա, բայց ես` ոչ: Ես ստիպված էի սովորել, որ նա դեպքերը շատ ավելի խորը և ավելի երկար է զգում: Նա կարող է բառացիորեն հիշել դրանց բոլոր տողերն ու համատեքստը, հիշում է օգտագործված ճշգրիտ բառերը, ենթատեքստը»,- պատմել է Միշել Օբաման իր ամուսնու՝ ԱՄՆ 44-րդ նախագահի մասին:
Կարծիքներ