Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական կառույցների տեսանկարահանող սարքերին
![Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական կառույցների տեսանկարահանող սարքերին](https://freenews.am/uploads/images/image_750x_67ab03d6299d6.jpg)
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է ոստիկանությանը հասանելիություն տալ պետական և համայնքային կազմակերպությունների տեսանկարահանող սարքերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեղինակը «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ԱԺ լիագումար նիստում:
Պատգամավորի խոսքով՝ մի շարք հետազոտությունների արդյունքներ փաստում են, որ մարդկանց համար տեսանելի վայրերում նկարահանող սարքերի առկայությունը հանցագործությունների միտումների վրա զգալի կանխարգելիչ ազդեցություն ունի: «Ներկայում, օրինակ, Երևանում տեղի ունեցած հանցագործությունների և իրավախախտումների հայտնաբերման ու բացահայտման ընթացքում ոստիկանությունը հաճախ օգտվում է ավտոկայանատեղերը վերահսկող տեսախցիկներից: Ամեն անգամ անհրաժեշտություն է լինում համակարգը սպասարկող ընկերությունների աշխատակիցների թույլտվությունն ու ներկայությունը, ինչը բարդացնում է գործընթացը՝ հանգեցնելով ժամանակի անտեղի վատնման, գործընթացի օպերատիվության խաթարման և ոչ իրավասու անձանց անհարկի մասնակցության»,-ասաց Սարգսյանը:
Նրա համոզմամբ՝առաջարկվող նախագծի փաթեթի ընդունումը հնարավորություն կտա հանցագործությունների և իրավախախտումների կանխարգելման, նախականխման, կանխման, հայտնաբերման ու բացահայտման կապակցությամբ խնայել հսկայական ժամանակ՝ ապահովելով գործընթացի օպերատիվությունը:
«Օրենսդրական նախաձեռնության ընդունման դեպքում ոստիկանությունն իրավասու կլինի ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական և համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, ավտոկայանատեղերից, օդանավակայաններից և պետական սահմանի անցման կետերից պահանջել և ստանալ տեսագրություններ, ունենալ հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսանկարահանման համակարգերին: Պահանջվող տեսահսկման համակարգերին հասանելիությունը պետք է ներառի տեսահսկման համակարգին օգտագործողի հնարավորություն, առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի տեսանյութի դիտման հնարավորություն, առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի տեսանյութի հոսքի ստացման և պահպանման հնարավորություն»,-ասաց պատգամավորը:
Բացի այդ՝ Ներքին գործերի նախարարությունը հնարավորություն կունենա տեսանկարահանման համակարգերի միջոցով իրականացնել տվյալների մշակում՝ իրավախախտումների կանխման, հայտնաբերման և բացահայտման, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում արագ արձագանքման, քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերման, անհետ կորած քաղաքացիների և հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, տրանսպորտային հոսքի կառավարման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցության և այլ նպատակներով:
Ոստիկանությունը կունենա հասանելիություն վերոգրյալ տեսանկարահանման համակարգերին Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման ՊՈԱԿ–ի միջոցով՝ 24/7 ռեժիմով:
Կարծիքներ