Դասական երաժշտության համերգներ՝ Երերույքում և Արուճում

Դասական երաժշտության համերգներ՝ Երերույքում և Արուճում

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը երկու մասշտաբային դասական երաժշտության համերգ է կյանքի կոչել Երերույքում և Արուճում։

Կազմավորման 10-ամյակի առթիվ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն իր առաջ նպատակ է դրել 10 բացօթյա համերգ կազմակերպել քիչ ուշադրության արժանացած կոթողների տարածքում՝ ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը գրավելով դեպի մեր երկրի գանձերը։

Երերույքի եզակի տաճարում Եվրոպական մշակութային ժառանգության օրերի շրջանակում անցկացվել է «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով դասական համերգ։ Այն իրականություն է դարձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Համերգի մեկնարկին ելույթ է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որը ներկաներին է փոխանցել նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ողջույնի խոսքը:

Եզակի այս կառույցում կայացած միջոցառմանը հանդես են եկել
«Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը։

Համերգային ծրագրում եղել են Բեթհովենի, Պենդերեցկու,Կոմիտասի, Չթչյանի, Միրզոյանի, Հովհաննիսյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Նման մասշտաբի համերգ Երերույքում կայացել է առաջին անգամ։

Հաջորդ համերգը նվիրված է եղել Կոմիտաս Վարդապետի ծննդյան 152-ամյակին. այն յուրատեսակ հարգանքի տուրք է եղել հայ երաժշտության ականավոր ներկայացուցչին:

Արուճ գյուղի Սուրբ Գրիգոր եկեղեցում կազմակերպված համերգում հանդես է եկել Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր`Ռոբերտ Մլքեյան): Ծրագրում ընդգրկված են եղել կոմիտասյան ստեղծագործությունները:

Երկու համերգներն էլ արժանացել են հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում