Չինաստանն ակնկալում է, որ «Թալիբան» շարժումը կկատարի իր ստանձնած պարտավորությունները․ Գեն Շուան
Չինաստանն ակնկալում է, որ «Թալիբան» շարժումը կկատարի իր ստանձնած պարտավորությունները Աֆղանստանում բաց և լայն ուժեր ներկայացնող նոր կառավարության ձևավորման ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Աֆղանստանի հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՉԺՀ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը:
«Ներկայումս Աֆղանստանի ապագան գտնվում է պատմական խաչմերուկում։ Չինաստանն իր համար նշել է «Թալիբան»-ի երեկվա հայտարարությունն այն մասին, որ Աֆղանստանում պատերազմն ավարտվել է, որ շարժումը մտադիր է բանակցություններ սկսել բաց, ընդգրկուն իսլամական կառավարության ստեղծման շուրջ և պատասխանատու միջոցներ կձեռնարկի աֆղան քաղաքացիների և երկրում աշխատող օտարերկրյա առաքելությունների անվտանգությունն ապահովելու համար», - ասել է նա:
Գեն Շուանի խոսքով` Չինաստանն ակնկալում է, որ այդ պարտավորությունները կկատարվեն:
«Մենք հույս ունենք, որ «Թալիբան»-ն Աֆղանստանում ազնվորեն կկատարի իր պարտավորությունները և ամբողջությամբ կկտրի իր կապերը ահաբեկչական կազմակերպությունների հետ»,- ասել է նա:
Կարծիքներ