«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել․
«Սիրելի երևանցիներ, հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ «Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու հունվարի 21-ին հրավիրվող արտահերթ նիստին։
Մենք հասարակությունը բևեռացնող և Երևանի զարգացմանը խոչընդոտող կեղծ օրակարգեր չենք քննարկում։ Մենք հասկանում ենք, որ տրանսպորտային միասնական համակարգի յուրացման հարցում ամեն օր բոլորս բախվում ենք տարբեր խնդիրների: Շնորհակալ ենք ձեր բարձրացրած հարցերի համար, որոնք քաղաքային իշխանությունը քննարկում է ու լուծումներ գտնում։
Մենք պետք է ունենանք 21-րդ դարի զարգացած մայրաքաղաքին համապատասխան տրանսպորտային համակարգ: Մեր նպատակը հստակ ժամանակացույցով աշխատող, կահավորված կանգառատեղիներով, վարորդների աշխատանքի նպաստավոր պայմաններով համակարգ ստեղծելն է:
Այո, սկզբում բարդություններ են լինելու ու ժամանակավոր դժվարություններ: Նոր համակարգ է ներդրվում, որին պետք է տիրապետել ու ընտելանալ: Պատրաստ ենք քննարկել Երևանի զարգացման ու երևանցիների խնդիրները լուծելուն ուղղված բոլոր առաջարկները, որոնք քաղաքական շահարկման առարկա չեն:
Շնորհակալ ենք երևանցիներին՝ ըմբռնումի ու պատրաստակամության համար»։
Կարծիքներ