Սուրբ Պետրոսի տաճարում մեկնարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հրաժեշտի արարողությունը

Սուրբ Պետրոսի տաճարում մեկնարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հրաժեշտի արարողությունը

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մարմինը Վատիկանի նրա կեցավայրից կարդինալների և շվեյցարացի գվարդիականների ուղեկցությամբ հանդիսավոր կերպով տեղափոխվել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ La Repubblica թերթը գրում է, որ թափորն անցել է Սանտա Մարտայի և Հռոմի Նահատակաց հրապարակներով և զանգակատան միջով դուրս եկել Սուրբ Պետրոսի հրապարակ։

Տեղափոխման արարողությունը ղեկավարում էր կարդինալ Քևին Ֆարելը` Հռոմի կաթոլիկ եկեղեցու կամերլենգոն (Սուրբ Աթոռի ղեկավարումը ստանձնած կարդինալը), որը նաև պատարագ է մատուցել։

Առաջիկա երեք օրերի ընթացքում հավատացյալները հնարավորություն կունենան հրաժեշտ տալու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու քահանայապետին։

88-ամյա Ֆրանցիսկոս պապը (Խորխե Մարիո Բերգոլիո), որն ավելի քան 12 տարի ղեկավարել է Հռոմի կաթոլիկ եկեղեցին, կաթվածից մահացել է ապրիլի 21-ի վաղ առավոտյան Վատիկանի Սանտա Մարտայի իր կեցավայրում: 

Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին։ Նրա հուղարկավորության արարողությանը ներկա կգտնվեն աշխարհի տարբեր ղեկավարներ։

Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդի ընտրության կոնկլավը կսկսվի մայիսի 5-ից 10-ը:

Ֆրանցիսկոս պապի կտակի համաձայն՝ նա կթաղվի Սանտա Մարիա Մաջիորեի բազիլիկում՝ Հռոմի չորս գլխավոր տաճարներից մեկում, և անանուն բարերարը հոգա նրա հուղարկավորության ծախսերը։

Ապրիլի 20-ին, երբ ամբողջ աշխարհի կաթոլիկները, բողոքականները և ուղղափառ քրիստոնյաները նշում էին Քրիստոսի Հարության տոնը, քահանայապետը Սուրբ Պետրոսի հրապարակում ողջունել էր ժողովրդին, ինչը դարձել է նրա վերջին հրապարակային ելույթը մահից առաջ։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում