Ֆիլիպինների նախագահը ուզում է կորոնավիրուսի դեմ պատվաստել երկրի ամբողջ բնակչությանը
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ կառավարությունը փող ունի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր գնելու համար, բայց իրեն ավելին է պետք, քանի որ ցանկանում է պատվաստել երկրի ամբողջ բնակչությանը, հայտնում է Reuters- ը:
Կառավարությունը պարտավորվում է պատվաստանյութերով ապահովել բոլոր ֆիլիպինցիներին, որոնց թիվն, ըստ Դուտերտեի, այժմ կազմում են շուրջ 113 միլիոն, բայց առաջնահերթությունը կտրվի աղքատներին, ոստիկանությանը եւ ռազմական անձնակազմին: «Բոլորը, առանց բացառության, պետք է պատվաստանյութ ստանան»,- ասել է Դուտերտեն:
Նա նշել է, որ նախընտրում է Ռուսաստանի կամ Չինաստանի պատվաստանյութերը: Երկու երկրներն էլ Ֆիլիպիններում իրենց պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներ անցկացնելու հայտ են ներկայացրել:
Ֆիլիպինները, բացի Չինաստանի Sinovac Biotech-ից եւ Ռուսաստանի Գամալեյի անվան հետազոտական ինստիտուտից, համագործակցում է նաեւ Johnson & Johnson ընկերության հետ՝ նրա պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը երկրում անցկացնելու համար:
Ֆիլիպինները չորեքշաբթի օրը հաղորդել է կորոնավիրուսի 1910 նոր դեպքի եւ 78 մահվան մասին, որի հետեւանքով երկրում վարակման ընդհանուր թիվը հասել է 346 536-ի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է Հարավարեւելյան Ասիայում:
Կարծիքներ