Մեկնարկել է «Անվտանգ տրանսպորտային համակարգ Հայաստանում» ծրագրի երկրորդ փորձագիտական այցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հունիսի 15-ին մեկնարկել է տրանսպորտի ոլորտում Լիտվայի և Հայաստանի միջև համագործակցության շրջանակներում «Անվտանգ տրանսպորտային համակարգ Հայաստանում» փորձագիտական ծրագրով նախատեսված՝ փորձագիտական երկրորդ այցը։
Լիտվայի տրանսպորտային անվտանգության վարչության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում եռօրյա այցի ընթացքում լիտվացի մասնագետները ՏԿԵ նախարարության համապատասխան վարչությունների մասնագետներին կներկայացնեն ավտոմոբիլային, երկաթուղային և օդային տրանսպորտի ոլորտում Լիտվայի համապատասխան մարմինների լավագույն փորձն ու իրավական կարգավորումները։ Ծրագրի հիմնական նպատակն է հայկական կողմին աջակցել ԵՄ և ՀՀ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող՝ տրանսպորտի ոլորտին առնչվող դրույթների իրականացման և ԵՄ համապատասխան իրավակարգավորումներին մոտարկման ՀՀ հանձնառությանն ու ջանքերին։
Փորձագիտական այցի օրակարգային առաջին օրը Լիտվայի տրանսպորտի և հաղորդակցության նախարարության համակարգում գործող Լիտվայի տրանսպորտային անվտանգության վարչության փոխտնօրեն Յուստաս Ռաշոմավիչիուսը ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի մասնագետներին ներկայացրել է ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննության համակարգի առանձնահատկություններն ու ընթացակարգերը, անվտանգ երթևեկության ապահովման քաղաքականությունը, ինչպես նաև վտանգավոր ապրանքների ճանապարհային փոխադրումների կարգավորումները, այդ բնագավառներում Լիտվայի լավագույն փորձը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներկայացված փորձն այցի ընթացքում փոխանցել նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետներին։
Այցի շրջանակներում Լիտվայի տրանսպորտային անվտանգության վարչության հաղորդակցության և միջազգային համագործակցության հարցերի բաժնի խորհրդական Գիեդրե Իվինսկիենեն ՏԿԵՆ երկաթուղային տրանսպորտի քաղաքականության բաժնի մասնագետներին ներկայացրել է երկաթուղային տրանսպորտի մեքենավարների հավաստագրման և լիցենզիաների տրամադրման Լիտվայի փորձը, ինչպես նաև ծանոթացել է այդ բնագավառում Հայաստանում իրականացվող գործընթացներին։ Քննարկվել են հայ մասնագետներին հետաքրքրող մի շարք մասնագիտական հարցեր։
«Անվտանգ տրանսպորտային համակարգ Հայաստանում» փորձագիտական ծրագիրը ֆինանսավորվում է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Զարգացման համագործակցության և ժողովրդավարության խթանման ծրագրի կողմից:
Կարծիքներ