Մեծ Բրիտանիայում թնդանոթային համազարկերով հարգել են արքայազն Ֆիլիպի հիշատակը (տեսանյութ)
Լոնդոնում այսօր 41 թնդանոթային համազարակով հարգել են Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հիշատակը: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ ներկայացնելով համապատասխան տեսանյութը:
Թնդանոթային համազարկ է տրվել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ թագավորության այլ քաղաքներում, ռազմաբազաներում և բրիտանական ռազմածովային ուժերի նավերում:
Արքայազն Ֆիլիպը Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել է բրիտանական ռազմածովային ուժերում, նրա ոգեկոչման արարողությունների ժամանակ համազարկ է տրվել նաև Դևոնպորտի և Պորտսմութի ռազմածովային բազաներում, Ջիբրալթարի թագավորական գնդում, ինչպես նաև բաց ծովում գտնվող Diamond ականակիր նավում և Montrose ռազմանավում:
Թաուերի կամրջի վրա հարյուրավոր բրիտանացիներ էին հավաքվել՝ դիտելոի Թեմզայի ափին տեղի ունեցող հանդիսավոր զինվորական արարողությունը:
Թնդանոթային համազարկ Մեծ Բրիտանիայում տրվում է մի շարք նշանակալի միջոցառումների ժամանակ, որոնք առնչվում են միապետական ընտանիքի հետ: Այսպես, Առաջին աշխարհամարտի տարիների թնդանոթներից համազարկ արձակելով նշվում է Էլիզաբեթ Երկրորդի կողմից գահի ժառանգելու օրը (փետրվարի 6), թագադրման օրը (հունիսի 2), գահաժառանգ արքայազն Չարլզի ծննդյան օրը (նոյեմբերի 14), ինչպես նաև խորհրդարանի նստաշրջանների բացումը: Հունիսի 10-ին, ավանդույթի համաձայն, այդպես նշվում էր նաև արքայազն Ֆիլիպի ծննդյան օրը:
Արքայազն Ֆիլիպը մահացել է նոյեմբերի 9-ին՝ իր 100-ամյակից 2 ամիս, մեկ օր առաջ: Մեծ Բրիտանիայում սուգ է հայտարարվել, իջեցվել են պետական դրոշները: Բուքինգհեմյան պալատն ավելի ուշ կտեղեկացնի հուղարկավորության անցկացման մանրամասները:
Կարծիքներ