Իրանը միջազգային ավիացիոն կոնսորցիում կստեղծի
Իրանի փոխնախագահը հրապարակել է ավիացիայի և ինքնաթիռաշինության ոլորտում այլ երկրների հետ համատեղ կոնսորցիում ստեղծելու ծրագրերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցով տեղակալ Ռուհոլլա Դեհղանի Ֆիրուզաբադիի հայտարարությունը:
«Նախատեսվում է Իրանի մասնակցությամբ միջազգային կոնսորցիում ստեղծել առևտրային ինքնաթիռների արտադրության համար: Մենք պետք է առնվազն 20 տոկոս մասնաբաժին ունենանք այդ կոնսորցիումում»,-ասել է նա:
Մայիսի վերջին իրանական արտադրության «Սիմորգ» կոչվող տրանսպորտային ինքնաթիռը հաջողությամբ իրականացրեց իր առաջին թռիչքը ՝ շնորհանդեսից մեկ տարի անց:
«Սիմորգ» ինքնաթիռը նախագծվել և արտադրվել է Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության կողմից, որը Իրանի պաշտպանության նախարարության դուստր ձեռնարկությունն է:
Իրանի իշխանությունները հայտարարում են, որ այդ ինքնաթիռի մշակումն ուղղված է երկրի պաշտպանունակության բարձրացմանը:
Կարծիքներ