Նոր մանրամասներ՝ Արմավիրում ալկոհոլային թունավորումից
Ինչպես արդեն հայտնել ենք, օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «ալկոհոլային ինտոքսիկացիայից» մեկ տասնյակից ավել քաղաքացի է մահացել։
Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ քաղաքացիները օղին ձեռք են բերել Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանից։ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն էլ հայտնել էր՝ անհայտ ծագման ալկոհոլի թունավորումից մահացած անձանցից 2-ը եղել են քաղաքապետարանի աշխատակից:
Freenews.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանը հայտնեց, որ ալկոհոլային թունավորման ևս 4 դեպք է արձանագրվել: Այսպիսով, ընդհանուր դեպքերի թիվն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հասել է 27-ի, որից 14-ը՝ մահվան ելքով:
Աշոտ Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ սեպտեմբերի 1-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոց ընդունված հիվանդը մահացել է: Հանրապետությունում արձանագրված 27 դեպքերից 7-ն արձանագրվել է Երևանում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս դեպքերը կապ չունեն Արմավիրի դեպքերի հետ: Դրանցից 5-ը մահվան ելքով են, 1-ը բուժում է ստանում թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, 1-ը՝ Արմենիա ՀԲԿ-ում:
Կարծիքներ