2020 թվականի Սախարովի մրցանակի դափնեկիր է դարձել Բելառուսի ընդդիմությունը
Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլին 2020 թվականին «Հանուն մտքի ազատության» Անդրեյ Սախարովի անվան մրցանակի դափնեկիր է հայտարարել Բելառուսի ընդդիմությանը: «Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների նախագահների խորհրդակցությունը որոշել է Սախարովի անվան մրցանակը շնորհել Բելառուսի դեմոկրատական ընդդիմությանը»,- հոկտեմբերի 22-ին ասել է Եվրախորհրդարանի ղեկավարը՝ հանդես գալով Բրյուսելում անցկացվող ԵՄ-ի ներկայացուցչական վեհաժողովի լիագումար նստաշրջանում:
Սասոլին հայտնել է Բելառուսից դափնեկիրներին՝ Բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի նախաձեռնողներ, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային, կին գրող և նոբելյան դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչին, ինչպես նաև ակտիվիստուհիներ Մարիա Կոլեսնիկովային, Օլգա Կավալկովային, Վերոնիկա Ցեպկալոյին: Բելառուսցի դափնեկիրների թվում տեղ են գտել ընդդիմադիրներ Սերգեյ Տիխոնովսկին, Ալես Բելյացկին, Սերգեյ Դիլևսկին, Ստեփան Պուտիլոն և Նիկոլայ Ստատկևիչը:
2020 թվականի «Հանուն մտքի ազատության» մրցանակի համար Բելառուսի ընդդիմությանն առաջադրել են խոշորագույն եվրախորհրդարանական խմբակցությունները՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքը» և «Նորացնենք Եվրոպան»: «Հանուն մտքի ազատության» Անդրեյ Սախարովի անվան մրցանակն ամեն տարի շնորհվում է այն անձանց, որոնք բացառիկ ավանդ են ներդրել ամբողջ աշխարհում մարդու իրավունքների համար պայքարի գործում: Ինչպես սպասվում է, մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 16-ին՝ Եվրախորհրդարանի դեկտեմբերյան լիագումար նստաշրջանում։
Կարծիքներ