Ապրիլյան ագրեսիայի անպատժելիությունն Ադրբեջանն օգտագործեց չորս տարի անց. Արցախի ՄԻՊ

Ապրիլյան ագրեսիայի անպատժելիությունն Ադրբեջանն օգտագործեց չորս տարի անց. Արցախի ՄԻՊ

 Ադրբեջանի կողմից 2016 թվականի ապրիլին Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները պատշաճ կերպով չեն դատապարտվել միջազգային հանրության կողմից: Այս մասին նշված է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ:

«Կատարածի համար անպատժելիությունը Ադրբեջանը օգտագործել է չորս տարի անց՝ 2020 թվականի աշնանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ միասին լայնածավալ ագրեսիա իրականացնելով Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ, որն ուղեկցվել է միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով»,-նշել է Արցախի օմբուդսմենը:

Արցախի ՄԻՊ-ը հիշեցրել է՝ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում, առանց տարբերակման, դիտավորյալ թիրախավորել է Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները, խոշտանգել, անմարդկային վերաբերմունքի ենթարկել ռազմագերիներին և զոհված զինծառայողների մարմինները:

«Անպատժելիության հետևանք է նաև, որ մինչ այսօր Ադրբեջանը հրաժարվում է հայրենիք վերադարձնել հայ ռազմագերիներին և քաղաքացիական գերեվարված անձանց և շարունակում է վանդալիզմի ենթարկել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում հայկական մշակութային հուշարձանները: Ադրբեջանի վարքագիծը այդ երկրում տարիներ ի վեր պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է»,-հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանը՝համոզմունք հայտնելով, որ  ինչպես 2016թ. ապրիլյան, այնպես էլ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կանոնավոր և կոպտագույն խախտումները անհանգստության լուրջ առիթ են ամբողջ միջազգային հանրության համար և պետք է արժանանան համարժեք արձագանքի միջազգային կազմակերպությունների և հեղինակավոր իրավապաշտպան կառույցների կողմից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում