Ուզում էի ավելին անել իմ ազգին ուրախացնելու համար. Ռաֆիկ Հարությունյան
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռաֆիկ Հարությունյանի կարծիքով՝ ինքն ունակ է ավելին անելև ուզում էր, որ հենց այդպես էլ լիներ:
«Ես շատ մեծ դժվարությամբ եմ հասել այստեղ, քանի որ լուրջ վնասվածքներ ունեի: Երկու մրցաշար բաց էի թողել, չգիտեի, թե ինչպես կմասնակցեի այս առաջնությանը: Չէի սպասում, որ այսպես կլինի: Ավելին էի սպասում, նույնիսկ մտածում էի, որ կարող եմ հաղթել: Բայց չստացվեց, ինչի համար զղջում եմ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հարությունյանը:
Նա հավելել է, որ երբևէ երկրպագուների նմանատիպ աջակցություն չի ունեցել, և դա նաև ինչ-որ տեղ պարտավորեցնող է եղել:
«Շատ շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին նման աջակցության համար: Ուզում էի անել ավելին իմ ազգին ավելի շատ ուրախացնելու համար, բայց չստացվեց»,- շեշտել է նա:
Հիշեցնենք՝ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի արդյունքով վաստակել է բրոնզե մեդալ:
Կարծիքներ