ԱԺ-ն կրկին կանցկացնի ԱԺ նախագահի ընտրության քվեարկություն. քվեաթերթիկներում տառասխալ է եղել
Ազգային ժողովը կրկին կանցկացնի ԱԺ նախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկություն, քվեաթերթիկներում պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տառասխալ է եղել: Այս մասին հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
«Քվեարկությունն ընդհատվել է, քանի որ քվեաթերթիկներում ընդդիմադիր պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տեղի է ունեցել տառասխալ, ուստի մենք կսկսենք նոր քվեարկություն, որը կսկսվի 5 րոպեից և կտևի կես ժամ»,-ասաց Բաբայանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն առաջարկեց նիստերի ավարտից հետո ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն գումարել մեկ լրացուցիչ նիստ՝ ժամը 18:30-20:00-ն: Քվեարկությամբ այս առաջարկն ընդունվեց:
ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը: «Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, «Պատիվ ունեմ» խմբակցության ՝ ԱԺ նախագահի թեկնածուն ևս «Հայաստան» խմբակցությունից էր, խմբակցությունն առաջադրել էր Արթուր Սարգսյանի թեկնածությունը: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների թեկնածուները չեն մասնակցում նորընտիր խորհրդարանի առաջին նիստին, քանի որ կալանավորված են:
Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները չէին մասնակցել քվեարկությանը:
Մխիթար Զաքարյանը կալանավորվել է հուլիսի 13-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):
Արթուր Սարգսյանը կալանավորվել է հուլիսի 18-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):
Կարծիքներ