Սեպտեմբերին առաջին անգամ կիրականացվի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը. Սինանյան

Սեպտեմբերին առաջին անգամ կիրականացվի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը. Սինանյան

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սեպտեմբերին իրականացնելու է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Այս ծրագիրն իրականացվելու է առաջին անգամ: Ընտրական փուլն արդեն անցել է, այժմ սպասում ենք մեկնարկին»,- նշեց Սինանյանը:

Ծրագրի նպատակն է աջակցել Սփյուռքի այն երիտասարդներին, որոնք ներգրավված են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործընթացներում և աշխատանքներ են տանում համայնքային կյանքի ակտիվացման, հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաև ձևավորել հայ երիտասարդների դինամիկ ցանց, որը կունենա աշխարհի տարբեր համայնքներից սփյուռքահայ երիտասարդների ընդլայնված ներկայացվածություն։

«Սփյուռքի երիտասարդ դեսպան»-ը մեկամյա է։ Այն ունի տեսական և գործնական բնույթ. ներառում է մի շարք դասախոսություններ, աշխատաժամեր, հանդիպումներ, որոնք հնարավորություն կտան մասնակիցներին ձեռք բերել գիտելիքներ Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական հրատապ խնդիրների մասին, միաժամանակ ընդլայնել իրենց պատկերացումները համայնքային կյանքում ներգրավվածության և հայկական շահերի պաշտպանության հարցերում։ Երիտասարդները կայցելեն Հայաստանի պատմական, մշակութային և հիշատակի վայրեր, կրթական, գիտական, տեխնոլոգիական ինստիտուտներ, նաև կմասնակցեն հասարակական, մշակութային միջոցառումների և կամավորական աշխատանքների։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում