Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամներն Ադրբեջանի ու Թուրքիայի գործողություններում ցեղասպանության վտանգ են տեսնում
Հայ և օտարերկրացի 6 տասնյակից ավելի հայտնի ցեղասպանագետները, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (International Association of Genocide Scholars) անդամներն Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքայի սանձազերծած պատերազմում ցեղասպանության վտանգ են տեսնում: Այս մասին ասված է նրանց տարածած հայտարարության մեջ:
Այդ հայտարարությամբ ցեղասպանագետները դատապարտել են Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմը և ցեղասպանությունը բացառելու միջոց են համարել Արցախի հանրապետության ճանաչումը:
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից ձեռնարկել ուղղակի և լուրջ ջանքեր անմիջապես կանգնեցնելու ադրբեջանական ագրեսիան, ինչպես նաև հակահայկական պետական քարոզչությունը և ատելությունն Ադրբեջանում և Թուրքիայում: Ցեղասպանագետները կոչ են արել բարձրացնել իրենց ձայնը այլատյացության, ագրեսիայի, պատերազմի դեմ և հանուն նոր ցեղասպանության կանխարգելման:
Ցեղասպանագետները նշում են, որ պատերազմի ընթացքում երկու անգամ թիրախավորվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, ինչը Ադրբեջանի ղեկավարության մշակութային ցեղասպանության քաղաքականության հետևանքն է, որն այդ երկիրն իրականացնում է վերջին 30 տարիների ընթացքում՝ պարբերաբար ոչնչացնելով հայկական մշակույթի կոթողները, ինչպիսիք Ջուլֆայում հայկական խաչքարերն են:
Կարծիքներ