Կարևոր փոփոխություններ. հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը կընդլայնվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովն իր աշխատանքները սկսելու է սեպտեմբերից. այժմ արձակուրդային շրջան է, և արդեն մեծ թվով նախագծեր կան, որոնք պետք է քննարկվեն նստաշրջանի մեկնարկին: Այդ նախագծերի մեջ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես «Հանրային ծառայության մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Այն վերաբերում է պաշտոնատար անձանց կողմից հայտարարագրեր ներկայացնելուն, և այդ առումով ուշագրավ փոփոխություններ են տեղի ունեցել:
Մասնավորապես, նախագծով առաջարկվում է վերանայել հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը, և այսուհետ հայտարարագրման պարտականություն կսահմանվի նաև 15 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքի ավագանու անդամների համար: Բացի այդ, առաջարկվում է տարանջատել հայտարարագրման ենթակա եկամուտների որոշ տեսակներ, օրինակ՝ ստացված վարկերը և փոխառությունները: Կարևոր փոփոխություններից մեկն այն է, որ պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունների դադարեցումից հետո անգամ, ըստ օրենքի, հաջորդող 2 տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն կունենա անձից գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր պահանջելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ