ՄԱԿ ՓԳՀ-ն առաջարկել է Սյունիքի մարզպետարանին ստանձնել իրենց կողմից մարզում իրականացվող գործողությունների համակարգումը

ՄԱԿ ՓԳՀ-ն առաջարկել է Սյունիքի մարզպետարանին ստանձնել իրենց կողմից մարզում իրականացվող գործողությունների համակարգումը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հունիսի 28-ին հանդիպել էՀայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ) գործառնությունների գծով ավագ ղեկավար Ալմազ Բուրկուտովին, իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինին, ՄԱԿ ՓԳՀ Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանին։

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

2021 թ․ վերջին ՄԱԿ ՓԳՀ-ն գրասենյակ է հիմնել նաեւ Գորիսում եւ Սյունիքում անցած մեկ տարում ավելի քան 17 ծրագիր է իրականացրել՝ ուղղված Արցախից տեղահանված ու մարզում բնակվող ընտանիքների կյանքի բարելավմանն ու իրավունքների պաշտպանությանը։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ Սյունիքում իրականացված ու այժմ էլ ընթացող աշխատանքների համար՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվորեն շարունակել համագործակցությունը, ինչպես նաև այս ոլորտում երկուստեք գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար փոխանակել տեղեկություններ ու ռեսուրսներ։

Պարոն Բուրկուտովը նշել է, որ պատերազմից հետո Սյունիքը մեծ աշխատանք է կատարել տեղահանված անձանց ապաստան տրամադրելու ու նրանց առաջնային կարիքները հոգալու, ինչպես նաև ընդունող համայնքում ինտեգրվելու ուղղությամբ և այդ կապակցությամբ շնորհակալություն հայտնեց մարզի հյուրընկալ բնակիչներին ու իշխանություններին։

Նշվել է նաև, որ ՄԱԿ ՓԳՀ-ի և իր գործընկեր կազմակերպությունների ծրագրերը Սյունիքում շարունակական և երկարաժամկետ են լինելու։
Գործակալության աշխատակիցների այցի նպատակն էր նաև քննարկել ՄԱԿ ՓԳՀ-ի և այլ կազմակերպությունների հետագա գործառույթների համակարգման հնարավորությունը Սյունիքում։

Նշվել է, որ ՄԱԿ ՓԳՀ-ն հումանիտար ուղղվածություն ունի․ այն տեղահանված ընտանիքների առաջնահերթ խնդիրներն է լուծում, մինչդեռ տեղահանված անձանց համար այժմ երկարաժամկետ զարգացման ծրագրեր են անհրաժեշտ՝ ընդունող համայնքում ինքնաբավ և լիարժեք կյանքով ապրելու համար։ Այդ առումով կարևորվել է համագործակցությունն այլ միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների, ՀԿ-ների, համայնքների ու դոնորների հետ՝ տեղահանված ընտանիքներին տնտեսական և զարգացման ծրագրերում ընդգրկելու նպատակով։

Այս համատեքստում, կարևորելով տարածքային կառավարման դերն ու պատասխանատվությունը, ՄԱԿ ՓԳՀ աշխատակիցներն առաջարկել են, որ Սյունիքի մարզպետարանը ստանձնի ՄԱԿ ՓԳՀ-ի և այլ կազմակերպությունների կողմից մարզում իրականացվող մարդասիրական և զարգացման գործողությունների համակարգումը։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության առավել արդյունավետ տարբերակների ու առաջիկա համատեղ քննարկումների մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում