Ռուսական նավերը եւ օդուժը զորավարժություններ են անցկացրել Միջերկրական ծովում

Ռուսական նավերը եւ օդուժը զորավարժություններ են անցկացրել Միջերկրական ծովում

ՌԴ ռազմածովային նավատորմի նավերը Միջերկրական ծովում զորավարժությունների ժամանակ անցկացրել են հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերի վարժանք եւ հետ մղել պայմանական հակառակորդի գրոհը, իսկ ՄիԳ-31Կ կործանիչները եւ Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները հրթիռների «Էլեկտրոնային արձակումներ» են կատարել Սու-35 եւ Սու-34 կործանիչների ուղեկցությամբ: Այդ մասին հունիսի 28-ին լրագրողներին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

«Համատեղ վարժանքների շրջանակներում ՄիԳ-31Կ ինքնաթիռների անձնակազմերը, որոնք հնարավորություն ունեն կիրառել «Կինժալ» համալիրի կազմից նորագույն գերձայնային հրթիռները, եւ Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները թռիչքների հերթական վարժանքներն են կատարել Միջերկրական ծովի արեւելյան մասում, որոնց ընթացքում իրագործել են ծովային գոտում օդային տարածության յուրացման առաջադրանքները»,-ասել են ռազմական գերատեսչությունում: Վարժանքների շրջանակներում ՄիԳ-31Կ ինքնաթիռները հրթիռների «Էլեկտրոնային արձակումներ» են կատարել պայմանական հակառակորդի ուղղությամբ:

Նաեւ դժվարին կլիմայական պայմաններում ուսումնավարժական թռիչքների ժամանակ անցկացվում Է տեխնիկայի ստուգում, այդ թվում՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում, եւ կատարելագործվում են երկարատեւ թռիչքները ջրի վրա, հավելել են գերատեսչությունում: Իր հերթին ՌԴ ռազմածովային նավատորմի հինգ նավերի, այդ թվում՝ «Մոսկվա» հրթիռային քրեյսերի, «Ադմիրալ Էսսեն» եւ Ադմիրալ Մակարով» ֆրեգատների անձնակազմերը հետ են մղել պայմանական հակառակորդի գրոհը եւ անցկացրել ՀՕՊ-ի ուժերի վարժանք: Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, հատուկ ուշադրություն Է դարձվել «պայմանական հակառակորդի ինքնաթիռներին, ուղղաթիռներին եւ անօդաչու թռչող սարքերին հակազդմանը»: «Ուսումնավարժական թռիչքների ընթացքում ինքնաթիռների անձնակազմերը ձեռք կբերեն նոր աշխարհագրական շրջաններում ուսումնական առաջադրանքների մշակման գործնական հմտություններ»,-հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում