Ադրբեջանական հատուկ ծառայությունները սոցցանցերի էջերով փորձում են տեղեկություններ հավաքել սննդի կամ դեղերի պակասի մասին
Արցախի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Արցախի շրջափակման հետևանքների վերաբերյալ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից տեղեկությունների հավաքագրման փորձեր կատարելու բազմակի դեպքեր:
«Օգտագործելով Արցախի քաղաքացիների անվամբ բացված կեղծ օգտահաշիվներն ու ներթափանցման հնարավորություն ու հասանելիություն ստացած ֆեյսբուքյան էջերը՝ ադրբեջանական հատուկ ծառայությունները, տարբեր հարցեր ուղարկելով կամ ֆեյսբուքյան խմբերում գրառումներ կատարելով, փորձում են հավաքագրել Արցախում սննդի, բացակայող առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, հումանիտար օգնությունների վերաբերյալ տեղեկություններ։
Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերում Արցախի ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ հրապարակային քննարկումներից, տեղեկատվություն տրամադրելուց:
Նման նպատակներ հետապնդող հարցեր կամ զանգեր ստանալու կամ գրառումների հանդիպելու դեպքում խնդրում ենք դիմել Արցախի ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- նշված է Արցախի ԱԱԾ-ի գրառման մեջ:
Կարծիքներ