Գործարկվել է «Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածը

Գործարկվել է «Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածը

Երևանի բնակիչներն այսուհետ իրենց բողոքներն ու առկա խնդիրները կարող են քաղաքապետարան ներկայացնել առցանց՝ բջջային հավելվածի միջոցով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ «Ակտիվ քաղաքացի» հարթակում գործարկվել է «Ակտիվ քաղաքացի» հավելվածը: Այն քաղաքացուն հնարավորություն է տալիս հենց գտնվելու վայրից ահազանգել խնդրի մասին՝ թողնելով տեքստային ու ձայնային հաղորդագրություններ, ինչպես նաև կցել տեսանյութեր և լուսանկարներ: Այս նախագիծը, «Թեժ գծին» զուգահեռ, ևս մեկ կարևոր խողովակ է, որն ունի նաև հետադարձ կապի հնարավորություն. խնդրի լուծման վերաբերյալ քաղաքացին նաև պատասխան կստանա:
«Ակտիվ քաղաքացի» հարթակը և «Ակտիվ քաղաքացի» հավելվածը դառնալու են Երևանի քաղաքապետարանի ծառայությունների մատուցման կենտրոնական ծրագիրը, որի միջոցով բացի այն, որ մենք պետք է ստանանք քաղաքացիներից խնդիրների վերաբերյալ հայտեր, մեր քաղաքացիները պետք է ունենան հնարավորություն՝ կատարելու նաև տարբեր տեսակի վճարումներ: Այն պետք է լինի քաղաքապետարանի հետ շփման մեկ միասնական հարթակ՝ յուրաքանչյուր խնդրի կամ ծառայության համար,- ընդգծել է քաղաքապետը:   
***
Երևանի կենդանաբանական այգու տարածքը 29 հա-ի փոխարեն կդառնա 34 հա. կօգտագործվեն հաշվեկշռում առկա հարակից գոտիները, ինչն էլ հնարավորություն կտա ավելացնել ազատավանդակների թիվն ու ստեղծել հարմարավետ պայմաններ: 
***
4-րդ կարգի վթարայնության Արցախի 4-րդ նրբանցքի երեք վթարային շենքերում ապրող 44 ընտանիքների վերաբնակեցման խնդիրն արդեն լուծվել է:  23 ընտանիքներ ստացել են նոր բնակարանների բանալիներ, 21-ը՝ բնակարաններ գնելու վկայագրեր, ևս 7-ի խնդիրը կլուծվի այսօր:  
***
2023թ. ընդհանուր առմամբ բարեկարգվել է ավելի քան 200 բակային տարածք: Ավտոտնակներով փակված անհարմար բակերում  ստեղծվել են խաղահրապարակներ ու ֆուտբոլի խաղադաշտեր:  
***
Տորք Անգեղի արձանի հարակից գոտին կվերածվի բացառիկ զբոսավայրի: Առաջին փուլի աշխատանքներն արդեն ավարտվել են, հաջորդ տարեսկզբից կմեկնարկի նախագծի երկրորդ փուլը: Ամբողջությամբ ավարտվել է Մինաս Ավետիսյանի պուրակի հիմնանորոգման ծրագիրը. բնակիչների հանգստի համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ:  
«Մենք այգիները կառուցապատելու քաղաքականությունից անցել ենք ավելի կանաչապատելու և բարեկարգ դարձնելու քաղաքականությանը: Այգիների բարեկարգման համար 2023թ. աննախադեպ տարի է եղել, և 2024 թվականին պետք է էլ ավելի մեծ ծավալի աշխատանք կատարենք»,- նշել է Տիգրան Ավինյանը: 
***
Մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը կանոնակարգելու համար Երևանի քաղաքապետարանը որոշ լուծումներ է նախանշել: Գծանշումների, ճանապարհային երթևեկության նշանների կահավորմամբ, միջնապատերի տեղադրմամբ ու շինարարական որոշակի լուծումներով հաջորդ տարի ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն խաչմերուկներում և հանգույցներում: 12-ի համար շուտով նախագծի մրցույթ կհայտարարվի, հաջորդ տարի նախատեսվում է ծրագրում ընդգրկել ևս 40 հանգույց ու խաչմերուկ: 
***
Ամփոփելով 2023 թվականի գործունեությունը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված մեծածավալ աշխատանքների համար և համոզմունք հայտնել, որ 2024թ. քաղաքապետարանի աշխատակազմն էլ ավելի մեծ ջանասիրությամբ ու եռանդով է աշխատելու՝  ավելի տպավորիչ արդյունքներ գրանցելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում