Գայանե Սահակյանը հորդորեց բոլոր գործատուներին հնարավորության դեպքում անցնել հեռավար ռեժիմի
Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը վատթարացել է, արձանագրված դեպքերը կրկնապատկվել են: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
«Միայն երեկ և այսօր գրանցվել են ռեկորդային թվեր, վիճակը շարունակում է մնալ ծանր: Համաճարակային իրավիճակի սրացումը պայմանավորված է անվտանգության կանոնների չպահպանելու հետ, ինչպես նաև բնակչության զգոնության թուլացմամբ»,- ասաց Սահակյանը:
Սահակյանի խոսքով` Առողջապահության նախարարությունը շարունակում է իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ և միաժամանակ մարդկանց շփումը նվազեցնելուն ուղղված քայլեր:
«Առողջապահության նախարարությունը հորդորում է բոլոր գործատուներին և տնտեսվարողներին՝ հնարավորության դեպքում անցնել հեռավար աշխատանքային ռեժիմի, հատկապես, եթե գործատուի մոտ կան ռիսկային խմբում գտնվող անձինք կամ տարեցներ»,- ասաց Սահակյանը:
Կարծիքներ