Շուրջ 80 հետազոտական նախագիծ կներկայացվի Հայկական համադպրոցական գիտության փառատոնում
Երևանի պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և սպորտի մասնաշենքում ապրիլի 13-ին տեղի կունենա Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած փառատոնի նպատակն է դպրոցահասակների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:
Փառատոնին մասնակցելու համար անհատական կամ հետազոտական խմբերը՝ գիտական ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում իրականացրել են իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական նախագծերը: Եզրափակիչ փուլում նրանք կներկայացնեն հետազոտությունների արդյունքները:
«Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024»-ի նախագծերը կարող են ներկայացվել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում (Los Angeles Convention Center) կայանալիք «Regeneron միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառ (ISEF-2024)»-ին, ինչպես նաև «Երիտասարդ գիտնականների համար ԵՄ մրցույթ (EUCYS)»-ին, որը տեղի կունենա Լեհաստանում։
«Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024»-ին մասնակցելու համար ներկայացվել է շուրջ 80 նախագիծ:
Կարծիքներ