Անգլիայում մտցվել է կոշտ լոքդաուն. դպրոցները փակ կմնան մինչեւ փետրվարի կեսը
Երկուշաբթի երեկոյից Անգլիայում մտցվել է կոշտ լոքդաուն. վերջին անգամ նման սահմանափակում էր հայտարարվել անցյալ տարվա մարտին, հայտնում է The Guardian-ը:
Դպրոցները փակ կմնան մինչեւ փետրվարի կեսը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ այս ժամանակահատվածը կդառնա ամենածանրը:
Ըստ վերջին տեղեկությունների՝ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հետեւանքով զոհվածների թիվը մինչեւ այս ամսվա վերջը կանցնի 100 հազար մարդուց, եթե արտակարգ միջոցառումներ չձեռնարկվեն:
Երկրի վարչապետը բնակիչներին կրկին կոչ է արել մնալ տան եւ տանից դուրս գալ օրը մեկ անգամ: Առաջին անհրաժեշտության ապրանքներ չվաճառող բոլոր խանութները փակվել են երկուշաբթի երեկոյից:
Լոքդաունը կտեւի առնվազն 7 շաբաթ: Սահմանափակումների ցանկացած մեղմացում ուժի մեջ չի մտնի մինչեւ փետրվարի 22-ը:
Դրանից ընդամենը մեկ օր առաջ Բորիս Ջոնսոնը հավաստիացնում էր, որ դպրոցներն անվտանգ են, եւ երեխաները կարող են դասերի հաճախել, սակայն դրանից հետո նա հայտարարեց հեռավար ուսուցման անցնելու մասին:
Այս կապակցությամբ բրիտանացի վարչապետն ասել է, որ ծնողները «հիմնավոր կերպով կհարցնեն, թե ինչու մենք այս որոշումն ավելի վաղ չէինք ընդունել»:
«Ես միանգամայն հասկանում եմ, թե այս ուշացած փոփոխությունը ինչպիսի անհարմարություններ եւ վիշտ կպատճառի ամբողջ երկրում միլիոնավոր ծնողների եւ աշակերտների»,- նշել է նա:
Կարծիքներ