28-ամյա երիտասարդը Վանաձորի էլեկտրաբաշխիչ կայանում աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել է
Այսօր՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 10։45-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ էլեկտրահարված այրվածքային մակերեսներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը և ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը, ում տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Վանաձորի հիվանդանոցի բժիշկները, Սանավիացիայի ուղղաթիռով շտապ տեղափոխվել է Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն։
Ոստիկանները պարզել են, որ էլեկտրահարված քաղաքացին Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Նարեկ Նիկոլյանն է, որը էլեկտրահարվել է Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոցի 1/3 հասցեի դիմաց գտնվող թիվ 13 էլեկտրաբաշխիչ ենթակայանում աշխատանքներ կատարելիս։
Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Կարծիքներ