Հեռակառավարվող նավակները գրոհել են Նովոռոսիյսկի ռազմածովային բազան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հեռակառավարվող նավակները փորձել են հարված հասցնել Նովոռոսիյսկին (Սև ծովում Ռուսաստանի գլխավոր նավահանգիստ և միաժամանակ ռազմածովային բազա): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գերատեսչությունը հաղորդել է հարձակման փորձ իրականացրած երկու հեռակառավարվող նավակների ոչնչացման մասին։
«Այս գիշեր Ուկրաինայի զինված ուժերը երկու հեռակառավարվող նավակներով փորձել են գրոհել Նովոռոսիյսկի ռազմածովային բազան։ Հարձակումը հետ մղելու ընթացքում հեռակառավարվող նավակները դիտողականորեն հայտնաբերվել են և ոչնչացվել ռուսական նավերի ստանդարտ զինատեսակներով, որոնք հսկում էին ռազմածովային բազայի արտաքին սահմանը», - նշված է հաղորդագրությունում։
Նովոռոսիյսկի քաղաքապետն իր հերթին հայտնել է, որ հարձակմանն «ակնթարթորեն արձագանքել են» «Оленегорский горняк» և «Суворовец» նավերի անձնակազմերը։
Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրը BBC News-ի ուկրաինական ծառայությանը հայտնել է, թե գիշերվա հարձակման ընթացքում վնասվել է ՌԴ ռազմածովային ուժերի «Оленегорский горняк» դեսանտային նավը: Անվտանգության ծառայության աղբյուրը նաև հայտնել է, որ գործողությունն իրականացվել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հետ համատեղ։ Սակայն Կիևը պաշտոնապես չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև, որ Ղրիմի երկնքում ինքնաթիռային տիպի 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել։
«ՀՕՊ համակարգերի հերթապահ միջոցներով ոչնչացվել է 10 ԱԹՍ։ Հակառակորդի ևս 3 ԱԹՍ ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով», - հայտնել է գերատեսչությունն իր Telegram ալիքում՝ հավելելով, որ հարձակման հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։
Կարծիքներ