Երուսաղեմում իսրայելցիները կրկին ներխուժել են «Կովերի պարտեզ», հեռացրել արգելապատնեշները

Երուսաղեմում իսրայելցիները կրկին ներխուժել են «Կովերի պարտեզ», հեռացրել արգելապատնեշները

Իսրայելցիները Երուսաղեմում ոստիկանության աջակցությամբ կրկին մտել են «Կովերի պարտեզ»։

Այս մասին հայտնել է Երուսաղեմի հայկական թաղամասը փրկելու «SaveTheArQ» շարժումը X-ի իր միկրոբլոկում։

Ոստիկանությունն ապօրինի կերպով, առանց դատարանի որոշման և առանց նախազգուշացման եկել, հեռացրել է տեղադրված արգելապատնեշները։ Քաշքշուկ է տեղի ունեցել Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում՝ հոգևորականների և «Կովերի պարտեզ» ներխուժած իսրայելցիների ու ոստիկանների միջև։

2023 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:40-ին, մոտ 30 ահաբեկիչ սև հագուստով ու դիմակներով, զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով ու այլ տեսակի միջոցներով հարձակում էր գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերի վրա՝ նրանց վնասելու, տարածքից դուրս հանելու և ահաբեկելու նպատակով:

Հարձակման ժամանակ նրանք քարեր էին շպրտել հայերի ուղղությամբ: Հայ երիտասարդներն ու անակնկալի եկած հոգևորականները մարտի էին բռնվել՝ համարժեք պատասխանելով ու պահելով տարածքը՝ մինչև 200 մետր հեռավորության վրա գտնվող հին քաղաքի ոստիկանների օգնության հասնելը:

Երուսաղեմի պատրիարքարանից էլ հայտնել էին, որ ծանր վիրավորում էին ստացել քահանաներ, Հայաստանի աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղացի հայեր։ Հարձակումից հետո երկու հայ երիտասարդ էր ձերբակալվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում