Ֆրանսիան ընդլայնել է պաշտպանիչ դիմակների պարտադիր կրման կանոնները
Ֆրանսիայում երկուշաբթի ուժի մեջ է մտել հանրային վայրերում պաշտպանիչ դիմակներ կրելու մասին հրամանագիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բոլոր խանութների դիմաց կան ցուցանակներ, որոնք հիշեցնում են դիմակներ կրելու անհրաժեշտության մասին: Անվտանգության աշխատակիցները վերահսկում են այցելուներին, սակայն նրանք սահմանված կարգը խախտողներին տուգանելու իրավունք չունեն եւ ստիպված են ոստիկանություն զանգել: Մի շարք խանութներում դիմակների վաճառքի ավտոմատներ են տեղադրված։
Համաձայն նոր հրամանագրի՝ դիմակներ կրելը պարտադիր է բանկեր, խանութներ, վարչական գրասենյակներ, շուկաներ, թանգարաններ, ստորգետնյա կայանատեղիներ այցելելիս: Ընկերությունների շենքերի տարածքում աշխատակիցների կողմից դիմակներ կրելը պարտադիր չէ՝ մեկ մետր հեռավորություն պահպանելու պայմանով: Ավելի վաղ դիմակներ կրելն այնտեղ ցանկալի էր, բայց՝ ոչ պարտադիր։
Եթե քաղաքացին հասարակական վայրում դիմակ չի կրել, ապա նա ստիպված կլինի 135 եվրո տուգանք վճարել: Երկրորդ անգամ առանց դիմակ լինելու համար տուգանքն ավելանում է մինչեւ 1․500 եվրո: Եթե մեկ ամսվա ընթացքում քաղաքացուն առանց դիմակի կանգնեցնում են երեք անգամ, ապա նրան կարող է մինչեւ վեց ամիս ազատազրկում սպառնալ։
Մայիսի 11-ից Ֆրանսիայի քաղաքացիներին կարգադրվել էր դիմակներ կրել տրանսպորտում, կինոթատրոններում եւ թատրոններում, սրճարաններում եւ ռեստորաններում, գրադարաններում, խաղատներում եւ կրոնական կենտրոններում: Ներկայումս դիմակը կարելի է հանել այնտեղ միայն տեղ զբաղեցնելուց հետո եւ համապատասխան հեավորություն պահելու պայմանով։
Կարծիքներ