Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը կարող է բանտում հայտնվել

Առցանց հարթակների ձեռներեցներին, այդ թվում՝ Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսին, ըստ Մեծ Բրիտանիայում նոր իրավական կարգավորումների, սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում, եթե նրանք դանակներ վաճառեն մինչև 18 տարեկան երեխաներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Միացյալ Թագավորության Ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը բարձրացնում է անչափահասներին դանակներ վաճառելու համար նախատեսված առավելագույն պատիժը վեց ամսից մինչև երկու տարի՝ ներմուծելով օրենքներ, ըստ որոնց պատիժը կկիրառվի վաճառքն իրականացնող անհատի կամ ընկերության գործադիր տնօրենի նկատմամբ:
Օրենքները կվերաբերեն ինչպես խոհանոցային դանակների վաճառքին, այնպես էլ արգելված զենքերին, ինչպիսիք են «զոմբի» դանակները:
Օրենսդրական փոփոխություններին նախորդել է 2024 թ․ հուլիսին Սաութփորթում պարի դասընթացի ժամանակ երեք աղջիկների սպանությունը 17-ամյա Ակսել Ռուդակուբանանի կողմից, որը դանակը գնել էր Amazon-ից։
Երիտասարդ մարդասպանը կարողացել էր շրջանցել առցանց խանութի երկփուլ անձը հաստատող ստուգումները՝ օգտագործելով ծրագրակազմ, որը կոդավորում է անձնական տվյալները և քողարկում օգտագործվող ինտերնետային հասցեն:
Օրենսդրական փոփոխությունները կկոչվեն «Ռոնանի օրենք»՝ ի հիշատակ 16-ամյա Ռոնան Քանդայի, որին 2022 թվականին իր տան մոտ սպանել էին երկու դեռահասներ առցանց հարթակից գնած «նինձա սրով»։ Այս օրենսդրական արգելքին հասնելու գործում մեծ դեր է կատարել սպանված տղայի մոր իրականացրած քարոզարշավը։
Մանրածախ առևտրով զբաղվողներից կպահանջվի ոստիկանությանը զեկուցել իրենց հարթակներում դանակների մեծաքանակ կամ կասկածելի թվացող գնումների մասին՝ սոցիալական մեդիայի էջերում անօրինական վերավաճառքները կանխելու համար:
Կարծիքներ