Սա անձերի ընտրություն չէ. Ռոբերտ Քոչարյանը խոսեց ընտրությունների յուրահատկության մասին

Սա անձերի ընտրություն չէ. Ռոբերտ Քոչարյանը խոսեց ընտրությունների յուրահատկության մասին

«Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու կարող ուժն իրենք են: Քոչարյանը նման տեսակետ հայտնեց Գորիսում քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպմանը:

«Այս ընտրություններն անձերի մասին չէ: Այս ընտրություններն ունեն յուրահատկություն, որը հետևյալի մեջ է՝ մենք ուզում ենք ունենալ անվտանգ երկի՞ր, թե՞  ուզում ենք շարունակել ծնկաչոք ապրել: Մենք ուզում ենք ունենալ թռիչքաձև աճող տնտեսություն, թե՞ ուզում ենք, որ շարունակի աճել գործազրկությունը, աղքատությունը, արտագաղթը: Մենք ուզում ենք ներքին համերաշխություն, կայունությո՞ւն, թե՞ ուզում ենք շարունակվի ատելության մթնոլորտը ներսում: Այս երկընտրանքի առջև է այսօր կանգնած մեր երկիրը: Եվ ընտրությունը հենց դրա մասին է, ոչ թե անձերի, քաղաքական ուժերի , միավորների»,-ասաց Քոչարյանը:

Նա առաջարկեց քաղաքացիներին անել 3 քայլ, առաջինը՝ թղթին տալ երկրի առջև կանգնած հիմնական խնդիրները, որոնք պահանջում են առաջնահերթ լուծումներ: Քոչարյանը համոզված է, որ առաջին տեղում լինելու է երկրի անվտանգությունը, երկրորդում՝ երկրի տնտեսական վիճակը և երրորդում՝ երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Նա այնուհետև առաջարկեց քաղաքացիներին իրենց հարց տալ, թե արդյոք գործող իշխանությունն ի վիճակի՞ է այդ խնդիրների լուծումը տալ: Քոչարյանի համոզմամբ՝ գործող իշխանությունը չի կարող, ավելին՝ նա մեղադրեց իշխանությանն այդ խնդիրների ստեղծման մեջ: Երրորդ քայլով Քոչարյանն առաջարկեց վերցնել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակը և որոշել, թե որ ուժն է, որն ունի բավարար գիտելիքներ, բավարար փորձ, կամային հատկություններ և վճռականություն՝ երկիրն այդ վիճակից հանելու համար:

«Մենք համարում ենք, որ մենք ենք, մենք համարում ենք, որ այդ ուժը, այդ թիմը «Հայաստան» դաշինքն է: Դրա համար ենք մենք այստեղ, դրա համար ենք ձևավորել դաշինքը: Եվ դրա համար ենք դիմում ձեզ՝ կայացրեք որոշում, հնարավորություն տվեք մեզ՝ առաջնորդելու ձեզ և չեք փոշմանելու»,-ասաց Քոչարյանը:

«Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր Վահե Հակոբյանն էլ նշեց. «Մենք վստահ են, որ այս թիմը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ամենաունակն է այսօր ՀՀ-ում՝ բոլոր ասպարեզներում: Եթե ինչ-որ մեկը կարող է ապացուցել հակառակը և փաստարկներ ներկայացնի, ես պատրաստ եմ նրա հետ բանավիճել»:

ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ ասաց. «Երկրում պտտվում է մի ուրվական՝ ամոթի, խայտառակության և պարտության ուրվականը: Հունիսի 20-ին մենք պետք է փակենք այդ ամոթի և խայտառակության էջը և հայ ժողովրդի համար բացենք նոր, հզոր, ուժեղ Հայաստանի էջ»:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում