Արագածոտնում լայն թափով ընթանում են սուվբենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները

Արագածոտնում լայն թափով ընթանում են սուվբենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շրջել է համայնքներով և ծանոթացել պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին։

Այս մասին մարզպետարանը հաղորդագրություն է տարածել:

«Պետության օժանդակությամբ ամեն տարի Արագածոտնում ծավալուն վերակառուցման աշխատանքներ են իրականացվում։ Այս տարի ևս մարզի համայնքներում պետական միջոցներով և պետություն-համայնք (սուբվենցիա) համաֆինանսավորմամբ լայն թափով ընթանում են մի շարք ծրագրեր։

Դրանց ընթացքին, ինչպես նաև 2022թ․ արդեն ավարտված աշխատանքներին ծանոթանալու նպատակով Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը այցելել է Ծաղկահովիտ, Ալագյազ, Ապարան խոշորացված համայնքներ։ Աշխատանքային ողջ օրը տևած շրջայցի ընթացքում մարզպետը եղել է նշված համայնքների 10 բնակավայրերում։

Մասնավորապես, Գեղաձորում մարզպետը ծանոթացել է պետական միջոցներով իրականացվող ասֆալտապատման ծրագրին, Ծաղկահովիտի 5 բնակավայրերում՝ սուբվենցիոն ծրագրով իրականացվող գազիֆիկացման ծրագրերին, Միրաք և Միջնատուն բնակավայրերում՝ սուբվենցիայով կատարված ասֆալտապատման ծրագրի արդյունքներին, Մելիքգյուղում՝ սուբվենցիոն ծրագրով մեկնարկած գազիֆիկացման աշխատանքներին և Ապարան քաղաքում սուբվենցիոն ծրագրով կատարված ասֆալտապատման աշխատանքներին։

Սերգեյ Մովսիսյանը զրուցել է համայնքապետերի՝ Նորաին Հակոբյանի, Ջասմ Մախմուդովի և Կարեն Եղիազարյանի հետ, արձանագրել ծրագրերի կատարման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, շինարարներին հանձնարարել պատշաճ ժամկետում և բարձր որակով գործն ավարտին հասցնել։

Մարզպետի դիտարկմամբ՝ այս տեմպերով իրականացվող, պետական օժանդակությամբ կյանքի կոչվող ծրագրերի շնորհիվ կարճ ժամանակ անց մարզում կունենանք էականորեն բարձր բարեկեցության մակարդակ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում