Համաշխարհային բանկը հրապարակել է 2023-ի նոյեմբերին Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Հայաստանում տնտեսական աճի տեմպը 2023 թ. նոյեմբերին աճել է` հասնելով 11.2 տոկոսի: Աննշան գնանկում է արձանագրվել 2023 թ. դեկտեմբերին, ինչը պայմանավորված էր սննդամթերքի գների անկմամբ: Արտահանման աճի տեմպը բացառիկ է եղել 2023 թ. նոյեմբերին՝ պայմանավորված էր ոսկու և զարդերի արտահանմամբ: Նույն ամսին գրանցվել է 44 միլիարդ ՀՀ դրամ բյուջեի պակասուրդ, իսկ հանրագումարային պակասուրդը մնացել է պլանավորվածից ցածր մակարդակում: Ֆինանսական հատվածի ցուցանիշները մնացել են կայուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տբվյալները ներկայացված է Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագրում։
Ըստ աղբյուրի՝ 2023 թ. նոյեմբերին տնտեսական ակտիվության տեմպն արագացել է` հասնելով 11.2 տոկոսի (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ - ՆՏՆԺՀ, իրական արտահայտությամբ)` 2023 թ. հոկտեմբերի 6.2 տոկոսի համեմատ:
«Արդյունաբերության աճի տեմպն ավելացել է՝ հոկտեմբերի 0.6 տոկոսից նոյեմբերին հասնելով 24 տոկոսի, ինչը պայմանավորված էր արդյունաբերական թողարկման ծավալների 33 տոկոս իրական աճով: Սա իր հերթին պայմանավորված էր նոյեմբերին թանկարժեք զարդերի թողարկման գրեթե 13.7 անգամ մեծ ծավալներով (ՆՏՆԺՀ)` արժեքով գերազանցելով սննդամթերքի արտադրության ծավալները, որը մշակվող արդյունաբերության ավանդաբար ամենամեծ խումբն է: Նոյեմբերին թեթև արդյունաբերության աճի բարձր տեմպը մասամբ չեզոքացվեց հանքարդյունաբերության ոլորտի արտադրության խնդիրներով, որի վրա բացասական անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Սոթքի հանքի շահագործման ժամանակավոր դադարեցումը: Առևտրաշրջանառության ծավալները ևս ավելացան` հոկտեմբերի 26 տոկոսից (NՏՆԺՀ) նոյեմբերին հասնելով 32 տոկոսի (ՆՏՆԺՀ), ինչին նպաստել են ՀՀ կառավարության կողմից դրամական միջոցների փոխանցումը Լեռնային Ղարաբաղից (ԼՂ) տեղահանված անձանց: Շինարարության ոլորտի աճը դանդաղեց, թեև նոյեմբերին պահպանվել է երկնիշ մակարդակում` 11.4 տոկոս (ՆՏՆԺՀ): Ծառայությունների ոլորտի 2.4 տոկոս աճն (ՆՏՆԺՀ) (չհաշված առևտուրը) ամենացածրն էր. դա պայմանավորված է նոյեմբերին բազայի 31 տոկոս բարձր աճով: Տնտեսական ակտիվության ինդեքսի աճի տեմպը 2023 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին պահպանվել 9.4 տոկոսի մակարդակում (ՆՏՆԺՀ) և շարունակել է գերազանցել ակնկալիքները:
Գործազրկության մակարդակն աննշան աճել է 2023 թ. 3-րդ եռամսյակում (ՆՏՆԺՀ), իսկ աշխատուժի կազմում մասնակցությունը ևս ավելացել է: 2023 թ. 3-րդ եռամսյակում գործազրկությունը կազմել է 12 տոկոս` բարձրանալով 2022 թ. 3-րդ եռամսյակի 11.6 տոկոսի համեմատ, ինչը պայմանավորված է աշխատուժի կազմի 2 տոկոս ավելացմամբ (զբաղվածների և գործազուրկների զուտ ցուցանիշ): Աշխատուժի կազմում մասնակցությունը 2023 թ. 3-րդ եռամսյակում կազմել է 61.7 տոկոս` 2022 թ. 3-րդ եռամսյակի 60.9 տոկոսի համեմատ»,- նշված է ամփոփագրում:
Ըստ դրա՝ զուտ դրամական փոխանցումները 2023 թ. նոյեմբերին նվազել են` 2022 թ. նոյեմբերի համեմատ` 82, իսկ 2023 թ. հոկտեմբերի համեմատ` 68 տոկոսով: Դրամական փոխանցումների ներհոսքերը կրճատվել են 21 տոկոս (ՆՏՆԺՀ), իսկ արտահոսքերն ավելացել 26 տոկոս (ՆՏՆԺՀ): Ներհոսքերի կրճատումը հիմնականում պայմանավորված էր Ռուսաստանից հոսքերի 29 տոկոս նվազմամբ: Արտահոսքերի հիմնական ուղղություններ են Մոնակոն և ԱՄՆ-ն:
«2023 թ. դեկտեմբերին (ՆՏՆԺՀ) գրանցվել է գների 0.6 տոկոս անկում: Դա միջին գնաճը իջեցրեց 2 տոկոսի 2023 թվականին, ինչը կտրուկ անկում է 2022 թ. 8.6 տոկոսից: Դրան արձագանքելով` 2023 թ. դեկտեմբերի 12-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց 25 բազիսային կետով` իջեցնելով մինչև 9.25 տոկոս: Դեկտեմբերին գնանկման հիմնական գործոնը սննդամթերքի գների 5 տոկոս նվազումն էր (ՆՏՆԺՀ): Այդուհանդերձ, մյուս ապրանքային խմբերում գները բարձրացան, և ամենից շատ բարձրացան ալկոհոլի և ծխախոտի գները` մինչև 8.4 տոկոս (ՆՏՆԺՀ)` արտացոլելով այս ապրանքատեսակների ակցիզային հարկի բարձրացումը:
Արտահանման ծավալների աճը բացառիկ բարձր էր` պայմանավորված ոսկու և թանկարժեք զարդերի արտահանման ծավալների նշանակալի աճով: 2023 թ. նոյեմբերին ապրանքների արտահանման ծավալներն հասան 86 տոկոսի (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված էր թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղների արտահանման ծավալների յոթնապատիկ ավելացմամբ: Դա ընդհանուր արտահանման կազմում այս խմբի մասնաբաժինը մեծացրեց` 2022 թ. նոյեմբերի 18 տոկոսից մինչև 66 տոկոս` 2023 թ. նոյեմբերին: Այս խմբում չմշակված կամ կիսապատրաստի ոսկու արտահանումն աճել է 12 անգամ (ՆՏՆԺՀ), իսկ թանկարժեք զարդերինն ու մասերինը` 17 անգամ (ՆՏՆԺՀ): Տեքստիլի և կոշկեղենի ծավալը ևս աճեց, համապատասխանաբար, 36 և 29 տոկոսով, մինչդեռ մյուս ապրանքային խմբերում արտահանման ծավալները հիմնականում կրճատվել են: Ապրանքների ներմուծման ծավալներն աճեցին 25 տոկոսով (ՆՏՆԺՀ)` նաև պայմանավորված կիսապատրաստի ոսկու ներմուծմամբ: Հանրագումարում` 2023 թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում արտահանման ու ներմուծման ծավալներն ավելացել են, համապատասխանաբար, 45 և 41 տոկոսով»,- նշում են ՀԲ փորձագետները:
Նրանց դիտարկմամբ՝ ՀՀ դրամը շարունակել է աստիճանական արժեզրկումն ԱՄՆ դոլարի նկատմամբ: 2024 թ. հունվարի 9-ի դրությամբ, ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը կազմել է 405.6 ՀՀ դրամ կամ 0.6 տոկոսով ավելի թույլ է եղել 2023 թ. դեկտեմբերի համեմատ, և 2.7 տոկոսով թույլ նախորդ տարվա նույն ժամանակահատված համեմատ:
2023 թ. տարեվերջին միջազգային պահուստները կազմել են 3.6 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը հավասար է 3 ամսվա ներմուծման ծածկույթի և 510 միլիոն ԱՄՆ դոլարով քիչ է 2022 թ. տարեվերջի պահուստների համեմատ (Գծապատկեր 5): Սա մասամբ պայմանավորված է 500 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով եվրոբոնդերից 188 միլիոն ԱՄՆ դոլարի ետ գնմամբ, որի վերջնաժամկետը 2025 թ. մարտին, ինչպես նաև ծրագրային վարկերի որոշակի ուշացումներով:
Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2023 թ. նոյեմբերին գրանցվել է բյուջեի 44 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ: Սա նոյեմբերին հանգեցրել է բյուջեի հանրագումարային պակասուրդի 63 միլիարդ ՀՀ դրամի կամ տարեկան կանխատեսվող ՀՆԱ-ի 0.7 տոկոսի չափով: Հարկային մուտքերի աճը նոյեմբերին եղել է համեստ` 5 տոկոս (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված է եկամտային և ակցիզային հարկերի ավելացմամբ (համապատասխանաբար, մինչև 15 և 16 տոկոս), իսկ ԱԱՀ և շահութահարկի հավաքագրման մակարդակն ընկել է, համապատասխանաբար, 5.5 և 22 տոկոսով: Ծախսերը կրճատվել են 11 տոկոսով, ինչը պայմանավորվել է ընթացիկ հաստատագրված ծախսերով և 29 տոկոսով ցածր կապիտալ ծախսերով` կապված պաշտպանության ոլորտում կրճատված հատկացումների հետ: Այդուհանդերձ, սոցիալական տրանսֆերտները և սուբսիդիաներն ավելացել են, համապատասխանաբար, 4 տոկոսով (ՆՏՆԺՀ) և 5 տոկոսով (ՆՏՆԺՀ)` արտացոլելով ԼՂ-ից տեղահանված մարդկանց հատկացված դրամական փոխանցումներն ու այլ աջակցությունը:
ՀԲ փորձագետների գնահատմամբ՝ 2023 թ. նոյեմբերին Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակել է աճել և ֆինանսական կայունության ցուցանիշները մնացել են կայուն: Վարկերն ու ավանդները ավելացել են, համապատասխանաբար, 2.3 և 1.5 տոկոսով (ՆԱՀ): Կապիտալի համարժեքությունը մնացել է անփոփոխ` 20.1 տոկոս, իսկ ընդհանուր վարկավորման կազմում չաշխատող վարկերի գործակիցը պահպանվել է 3 տոկոսից ցածր մակարդակում: Ակտիվների շահութաբերությունը, որը բանկային համակարգի եկամտաբերության ցուցիչ է, կազմում է 3.3 տոկոս:
Կարծիքներ