Երեխաների մշակած նախագիծն իրականություն դարձավ. Վաղուհասում կառուցվել է խաղահրապարակ

Երեխաների մշակած նախագիծն իրականություն դարձավ. Վաղուհասում կառուցվել է խաղահրապարակ

Արցախի սահմանամերձ Վաղուհաս գյուղում (Մարտունու շրջան) կառուցվել է խաղահրապարակ, որը նախագծել են  գյուղի երեխաները և ուսուցիչը: Վաղուհասում կա 650 բնակիչ, որոնցից 230-ը երեխաներ են:

«Կարդա ու խաղա Վաղուհասում» ծրագրի հեղինակ, Վաղուհասի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նարա Բալայանի խոսքով՝ շատ երեխաներ ունենալը գյուղի հին ավանդույթներից է և վաղուհասցիների մոտ հայրենասիրության դրսևորում է:

Չնայած գյուղում այդքան շատ երեխաներ լինելուն, չկար խաղահրապարակ ու գրադարան երեխաների համար: Այս խնդիրը լուծելու համար գյուղի երեխաները որոշեցին իրենց երիտասարդ ուսուցչուհու հետ մի նախաձեռնությամբ հանդես գալ եւ լուծել իրենց ամենաշատ հուզող խնդիրը: «ռեԱրմենիա» հարթակում մեկնարկեց նախագիծն ու մոտ 2 ամիս տևած դրամահավաքի արշավի արդյունքում հավաքվեց անհրաժեշտ գումարը՝ 7 մլն 600 հազար դրամ:

« 44-օրյա պատերազմից հետո «Դասավանդիր Հայաստան»-ից եկան մասնագետներ ու Վաղուհասի միջնակարգ դպրոցի տնօրենին առաջարկեցին երեխաների հետ անցկացնել առաջնորդության դասընթացներ: Նախագիծը մշակելու հնարավորության մասին Վաղուհասի երեխաները իմացել են հենց այդ դասընթացների ժամանակ: Նրանք սովորեցին ծրագիր մշակել, բյուջե հաշվել, ուսումնասիրություններ իրականացնել: Որոշեցինք այդ հմտությունները և ներուժը օգտագործելով ինչ-որ փոփոխություններ կատարել մեր գյուղում, որը կնպաստի գյուղի զարգացմանը, գյուղի կյանքը ավելի ակտիվ ու ավելի հետաքրքրիր կդարձնի:

Սկսեցինք գյուղում ուսումնասիրություններ իրականացնել և այդ ժամանակ երեխաներն ասացին, որ ոչ մի տեղ չկա, որ կարողանան իրենց ազատ ժամանակն անցկացնել, իրար հետ շփվել: Երեխաների հետ միասին մտածեցինք, որ կարելի է խաղահրապարակ կառուցել: Սկզբից դա շատ անհավանական էր թվում, քանի որ խաղահրապարակ կառուցելու համար մեծ գումար էր անհրաժեշտ, բայց ես ոգեշնչեցի երեխաներին, որ յուրաքանչյուր երազանք կարող է իրականություն դառնալ, եկեք մեր առաջ նպատակ դնենք ու սկսենք իրագործել»,- ասաց Բալայանը:

Վաղուհասի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին հետաքրքրվեց տարբեր հիմնադրամներով և դիմեց անհատներին, հետո իմացավ «ռեԱրմենիա» հարթակի մասին:

 «ռեԱրմենիա» հարթակում մեկնարկեց նախագծի դրամահավաքը ու մոտ 2 ամիս տևած դրամահավաք-արշավի արդյունքում հավաքվեց անհրաժեշտ գումարը՝  7 մլն 600 հազար դրամ: Մասնակցեցին 600 նվիրատու,որոնք գումար հանգանակեցին, որպեսզի կարողանանք կառուցել խաղահրապարակը: Հիմա այս նախագիծը գտնվում է երրորդ՝ վերջնական փուլում: Խաղահրապարակում արդեն տեղադրվել են խաղային տարրեր, մնում է հատակը քարապատել և տարածքը ցանկապատել»,- ասաց Բալայանը:

«ռեԱրմենիա» հարթակի հոգաբարձուների խորհրդի անդամ Արմինե Մկրտչյանը նշեց, որ Վաղուհասում իրականացված ծրագիրը «ռեԱրմենիա» հարթակի առաջին հաջողված նախագիծն է:

«Այսպիսի խաղահրապարակներ կան Երևանի գրեթե բոլոր բակերում, սակայն այս խաղահրապարակը գյուղի համար բավականին մեծ արժեք է ներկայացնում, նույնիսկ կողքի գյուղերից մարդիկ իրենց երեխաներին բերում են այստեղ, որպեսզի նրանք խաղան և հետաքրքիր ժամանակ անցկացնեն: Շեշտեմ, որ նախագծի հեղինակները գյուղի երեխաներն են ուսուցչի հետ»,- եզրափակեց Մկրտչյանը:

«ռեԱրմենիա»-ի համագործակցության հարթակում զուգահեռաբար իրականացվեց եւս մեկ նախագիծ, որն արդեն կառուցվող գրադարանի համար գրքերի հավաքագրումն էր: Հավաքվեց շուրջ 800 գիրք՝ մի փոքրիկ գրադարան, որը ոչ միայն երեխաների, այլ նաեւ ընդհանուր գյուղի բնակչության համար է նախատեսված: Այսպիսով, նաեւ իրականացվեց համայնքային գրադարանի կառուցման ամբողջական նախագիծը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում