Վերջին մեկ շաբաթում «Քովիդ-19»-ով վարակման ցուցանիշն աշխարհում ավելացել է 14%-ով. ԱՀԿ
Անցյալ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 3,8 մլն դեպք է հայտնաբերվել ողջ աշխարհում, հիվանդացության մակարդակն աճել է 14 տոկոսով նախորդ յոթ օրվա համեմատ, իսկ մահացության մակարդակը` 5 տոկոսով:
Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս տվյալները նշված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում:
«Ընդհանուր առմամբ, հինգերորդ շաբաթն անընդմեջ «Քովիդ-19»-ով հիվանդացության մակարդակն աշխարհում շարունակում է աճել: Անցյալ շաբաթ տեղեկություն է ստացվել ավելի քան 3,8 մլն նոր դեպքի մասին»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
ԱՀԿ տվյալների համաձայն` մարտի 22-28-ն աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 802 314 և մահվան 64 187 դեպք: Մարտի 28-ի դրությամբ` ողջ աշխարհում գրանցվել է վարակման 126 372 442, մահվան 2 769 696 մահվան դեպք:
Հիվանդացության մակարդակի աճն առավել նկատելի է եղել Հարավարևելյան Ասիայում (49%), Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (32%), Աֆրիկայում (22%), Հյուսիսային և Հարավային Ամերիկայում (11 %) և Եվրոպայում (11 %):
Կարծիքներ