ՀՀ վարչապետի տիկինը Մեղրիում մասնակցել է մանկապարտեզի բացման արարողությանը
Սյունիքի մարզ այցի ընթացքում, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Մարիամ Փաշինյանի ուղեկցությամբ, Մեղրի համայնքում մասնակցել է մանկապարտեզի բացման արարողությանը:
Ինչպես տեղեկանում ենք Աննա Հակոբյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը ներկա են եղել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, փոխմարզպետներ Նարե Ղազարյանը և Հայկ Հարությունյանը, Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը:
Մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականին, մրցույթում հաղթած կապալառու կազմակերպությունը աշխատանքները պատվիրակել էր ենթակապալառու ընկերությանը, որը թերի էր կատարել աշխատանքները և անավարտ թողել: Վերջնարդյունքում, շինաշխատանքներն ավարտել է մրցույթում հաղթած կապալառու ընկերությունը: Նախահաշվային արժեքը մոտ 320 մլն դրամ է: Ֆինանսավորել են կառավարությունը և «Իմ քայլը» հիմնադրամը` 65/35 հարաբերակցությամբ: Ճապոնիայի դեսպանատունն էլ մանկապարտեզին արևային կայաններ ու ջրատաքացուցիչներ է նվիրել:
Հիմնանորոգման ընթացքում, շուրջ 4 տարի, ավագ խմբերի երեխաները հարակից գյուղերի մանկապարտեզներ են հաճախել, իսկ կրտսեր խմբերը զրկված են եղել մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից:
Հիմա մանկապարտեզը պատրաստ է ընդունել կրտսեր ու ավագ տարիքային խմբերի՝ շուրջ 250 երեխա: Կառուցվել է մարզադահլիճ, գործում է լոգոպեդի և հոգեբանի ծառայություն, որը նախկինում չի եղել:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, մանկապարտեզի սաների ու համայնքապետի հետ կտրել է կարմիր ժապավենը, շրջել մանկապարտեզում, հետաքրքրվել, թե քանի երեխա կա հերթագրված: Տնօրենը նշել է, որ այս պահի դրությամբ 212 երեխա արդեն հերթագրված է:
Մանկապարտեզը նորոգելիս ու կահավորելիս տնօրինությունը նպատակ է ունեցել, որ կառույցի յուրաքանչյուր քառակուսի մետրն ուսուցողական լինի, այստեղ երեխաներին սովորեցնում են անգամ ճանապարհային երթևեկության կանոնները:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհավորել է բոլոր մեղրեցիներին` հիմնանորոգված նոր մանկապարտեզ ունենալու առթիվ:
Կարծիքներ