Առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերը կտրուկ կբարձրանան. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված առողջապահության ոլորտի խնդիրներին:
Երկրի ղեկավարը համակարգի պատասխանատուների հետ քննարկմանը հայտարարել է, որ, նախընտրական խոստման համաձայն, ոլորտի աշխատողների աշխատավարձերի զգալի բարձրացում կլինի: Սեպտեմբերի 1-ից բժիշկների աշխատավարձերը կավելանան 30%-ով, բուժքույրերինը՝ 20% -ով, իսկ կրտսեր բուժանձնակազմինը՝ 15%-ով: Ոլորտի աշխատողների աշխատավարձերի կտրուկ բարձրացում կլինի գալիք տարվա հունվարի 1-ից:
«Պետական այս քաղաքականության նպատակն է առողջապահական որակյալ համակարգ ստեղծելն է՝ լավագույն մասնագետներին ներգրավմամբ: Բացի այդ, պետք է արմատախիլ արվեն բոլոր տեսակի արատավոր երեւույթները: Հակառակ դեպքում՝ օրինախախտները ենթարկվելու են իրավական խիստ պատասխանատվության: Կառավարությունը հետեւողական աշխատանք է ծավալելու այդ ուղղությամբ»,- նշել է նախագահը:
Խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանը մեկ անգամ եւս շեշտել է, որ հունվարի 1-ից առողջապահական հիմնական ծառայությունները քաղաքացիների համար ամբողջությամբ դառնալու են անվճար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հանրապետությունում նոր կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ դրա դեմ կիրառվող միջոցների արդյունավետությունը: Առողջապահության համակարգի պատասխանատուները հիմնականում դրական են գնահատել պարետի կայացրած որոշումները եւ աջակցություն հայտնել դրանց հետեւողական իրականացման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները:
Կարծիքներ