Նիկարագուայի ընտրական գործընթացը եւ դրա վերջնական արդյունքները կորցրել են ամբողջ վստահությունը․ Էնթոնի Բլինքեն
Նիկարագուայի Գերագույն ընտրական խորհուրդը (ԳԸԽ) իրավաբանական անձի կարգավիճակից զրկել է «Քաղաքացիները հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցությանը, որն իր թեկնածուին է առաջադրել: Այդ պատճառով ԱՄՆ-ը օրինական չի համարում Նիկարագուայում կայանալիք նախագահական ընտրությունները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Այդ մասին հայտնում է International Business Times-ը:
«Միացյալ Նահանգները Օրտեգայի ոչ ժողովրդավարական, ավտորիտար գործողությունները, որոնք պայմանավորված են ընտրություններում պարտվելու վախով, հարված են համարում արդարությանը եւ ազատությանը»,- ասվում է Բլինքենի հայտարարության մեջ:
«Ընտրական գործընթացը եւ դրա վերջնական արդյունքները կորցրել են ամբողջ վստահությունը»,- հավելել է նա:
Օրտեգան, ով իշխանության ղեկին է 2007 թվականից, իր կնոջ՝ փոխնախագահ Ռոսարիո Մուրիլյոյի հետ առաջադրվում է չորրորդ անընդմեջ ժամկետի համար:
Վերջին երկու ամսվա ընթացքում իշխանությունները բերման են ենթարկել առնվազն 31 ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ նախագահի 7 հավանական թեկնածուների:
Կարծիքներ