Սկանդալային դեպքից հետո ռուսական «Առաջին ալիք»-ի խմբագիրը որոշել է լքել Ռուսաստանը
Ռուսական «Առաջին ալիք»-ի նախկին խմբագիր Մարինա Օվսյաննիկովան, ով հայտնի դարձավ «Վրեմյա» հաղորդաշարի եթերում իր մասնակցությամբ սկանդալից հետո, որոշել է հեռանալ Ռուսաստանից, հայտնում է starhit.ru կայքը։
Աղբյուրները հայտնում են, որ Մարինային հնարավոր է ապաստան տրամադրեն Եվրոպայում, սակայն դժվար թե նա կարողանա Եվրոպա տանել իր երեխաներին՝ որդուն և դստերը։
«Մեծ Բրիտանիայում նրան միայնակ են սպասում: Ավելի ճիշտ միայն նրան են սպասում»,- ասել են իրավապահները։
Ինքը՝ Օվսյաննիկովան, նախկինում վստահեցրել էր, որ հայրենասեր է և մտադիր չէ որևէ պատրվակով հեռանալ Ռուսաստանից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական «Առաջին ալիք»-ի լրատվական հաղորդման ընթացքում հեռուստաընկերության խմբագիր Մարինա Օվսյաննիկովան ներխուժել է եթեր ու Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողության դեմ ուղղված ակցիա իրականացրել։
Նա եթեր է ներխուժել այն պահին, երբ հաղորդավարը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին խոսելիս է եղել։
Կինը ձեռքին պաստառ է ունեցել, որի վրա գրված է եղել․ «Դադարեցրեք պատերազմը, մի՛ հավատացեք պրոպագանդային։ Այստեղ ձեզ խաբում են»։ Նա մի քանի անգամ կոչ է արել դադարեցնել պատերազմը, ինչից հետո եթեր է գնացել պատժամիջոցների մասին ռեպորտաժը»։
Նրան դրա համար տուգանել էին 30․000 ռուբլիով։
Կարծիքներ