Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Կարապետ Մանվելյանն այսօր կպայքարի ոսկե, Ալբերտ Վարդանյանը՝ բրոնզե մեդալի համար
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մասնակցում է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:
Երեկ՝ մրցումային առաջին օրը, մրցագորգ են դուրս եկել Կարապետ Մանվելյանը (55 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Աշոտ Կիրակոսյանը (77 կգ), Հովհաննես Հարությունյանը (87 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ): Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակչի ուղեգիր է նվաճել միայն Կարապետ Մանվելյանը:
Մանվելյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով հաղթանակ է տարել սերբ Սաբոլց Լոսոնկի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 7:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռահիմ Հասանովին և դուրս եկել կիսաեզրափակիչ:
Հաղթանակից հետո Կարապետը, ի նշան հարգանքի, փորձել է սեղմել մրցակցի ձեռքը, բայց վերջինս ագրեսիվ ու ոչ մարզական վարք է դրսևորել և որակազրկվել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից:
Կիսաեզրափակչում արդեն Մանուկյանը 1-1 հաշվով հաղթանակի է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Էմին Չակիրի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ: Մանվելյանն այսօր կպայքարի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար: Նրա մրցակիցը կլինի ռումինացի Դենիս Միհային: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը ևս դուրս էր եկել կիսաեզրափակիչ, սակայն այս փուլում 0-6 հաշվով զիջել է վրացի Գեորգի Ցոպուրաշվիլիին և այսօր կպայքարի բրոնզե մեդալի համար:
Նրա մրցակիցը կլինի Չեխիայի ներկայացուցիչը:
Առաջին մրցումային օրը պայքարի դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Սահակ Հովհաննիսյանը (63 կգ) մեկնարկում 3:1 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Զիյա Բաբաշովի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում զիջել է Թուրքիայի ներկայացուցչին (1:6): Աշոտ Կիրակոսյանն (77 կգ) ու Հովհաննես Հարությունյանը (87 կգ) պարտվել են մեկնարկային գոտեմարտերում: Հովհաննիսյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել. հաղթանակի դեպքում նա կպայքարի բրոնզե մեդալի համար:
Այսօր՝ մարտի 14-ին, ելույթ են ունենալու մյուս 5 հայ ըմբիշները:
Սուրեն Աղաջանյանը (60 կգ) որակավորման փուլում մրցելու է իսպանացի Ասեր Ռոդրիգեսի հետ: Աշոտ Խաչատրյանի (67 կգ) մրցակիցը նույն փուլում լինելու է Ֆրանսիայի, իսկ Հայկ Խլոյանինը (97 կգ)՝ Հունգարիայի ներկայացուցիչը: Հայկ Ասատրյանը (72 կգ) 1/8 եզրափակչում ուժերն է չափելու Կլոդջան Շեհուի (Ալբանիա) հետ, իսկ Կարեն Խաչատրյանի (82 կգ) մրցակիցը լինելու է հունգարացի Պետեր Դոեմոեկին: Ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է մարտի 13-19-ը:
Հունահռոմեական ոճի ըմբիշների ելույթներից հետո մրցագորգը կտրամադրվի ազատ ոճայիններին:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի կազմում հանդես կգան Էդիկ Հարությունյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ), Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ):
Կարծիքներ