Ադրբեջանը փորձում է ականներ դնել խաղաղության պայմանագրի տեքստում. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը փորձում է ականներ դնել խաղաղության պայմանագրի տեքստում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի տեքստում Ադրբեջանը դնում է ականներ, որ նույնիսկ դրա ստորագրումից հետո շարունակի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 14-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:       

«Ի՞նչ է ասում Ադրբեջանը. ասում է պատերազմում հաղթել եմ, էս ի՞նչ բանակցություններ եք վարում, առաջարկներ եք անում, հաղթել եմ, թուղթ եմ ուղարկում, 5 սկզբունքներս ուղարկել եմ, ստորագրեք, իսկ եթե  2023 թվականին չստորագրեք, ես լայնածավալ հարձակում եմ սկսում: Հիմա մեր լրագրողները, հասկանալով այս իրավիճակը, հարցնում են՝ հիմա կարող է՞ գնաք և ստորագրեք թղթեր, որոնք կապիտուլյացիա են Հայաստանի համար: Ես ասում եմ՝ ոչ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պատրաստ են գնալ այնպիսի լուծումների, որոնք կապահովեն կայուն և երկարաժամկետ խաղաղություն տարածաշրջանում:

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը բանակցային գործընթացում օգտագործում է սպառնալիքի լեզուն, ինչպես արել է նաև 44-օրյա պատերազմից առաջ:  «Պատերազմից առաջ Ադրբեջանի բանակցային դիրքը հետևյալն էր՝ տվեք ինձ այն, ինչ ես ուզում եմ ստանալ պատերազմով, այլապես ես դա կստանամ պատերազմով: Ու դա շատ ծանր ընտրություն էր»,- նշեց նա:

Փաշինյանը հավելեց, որ այժմ միջազգային հանրության մոտ կարևոր դիրքորոշում է  ձևավորվում, որը շատ սաղմնային վիճակում է, և որի վրա պետք է աշխատեն, որ ամրանա: «Մենք Ադրբեջանին առաջարկներ ենք ներկայացնում, բայց Ադրբեջանը մեր առաջարկների մեծ մասը ջնջած հետ է ուղարկում: Երբ մենք այս խնդիրը ներկայացնում ենք մեր միջազգային գործընկերներին, նրանք ասում են, որ դա խաղաղություն չի, որովհետև այն, ինչ առաջարկվում է, տևական խաղաղության չի բերի, հակառակը՝ կբերի նոր ճգնաժամերի: Մենք պատրաստ ենք գնալ լուծումների, որոնք թեկուզ մեր երազած լուծումները չեն, բայց կբերեն տևական և կայուն խաղաղության»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե գուցե, Ադրբեջանի պահվածը պայմանավորված է նրանով, որ խաղաղությունը ոչ թե խնդրում են, այլ պարտադրում, Փաշինյանը պատասխանեց, որ խաղաղությունը պետք է վաստակել, քանի որ նախորդ փորձը ցույց է տվել, որ պարտադրելն էլ չի աշխատում: Նրա խոսքով՝ նախկինում շատերը մտածել են, որ կարելի է պարտադրել խաղաղությունը, սակայն, եթե հնարավոր լիներ պարտադրել, ստորագրված կլիներ Հայաստանի պայմաններով պայմանագիր: Վարչապետն ընդգծեց, որ այժմ էլ Ադրբեջանն է մտածում, որ կարող է խաղաղություն պարտադրել, իսկ Հայաստանի իշխանությունն ասում է, որ կողմ չէ երկուստեք պարտադրելու քաղաքականությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում