Օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 5-7 աստիճանով․ Գագիկ Սուրենյանը՝ առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին

Օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 5-7 աստիճանով․ Գագիկ Սուրենյանը՝ առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին

Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով։ Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության ֆոնին Հայաստանում՝ մասնավորապես Երևանում և Արարատյան դաշտում, հուլիսի 17-ին գրանցվել է 40-41 աստի-ան տաքություն, որը պահպանվել է 2-3 ժամ։

Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Քանի որ բավական տևական ժամանակ տեղումներ չենք ունեցել և դրան ուղեկցում է բավականին բարձր ջերմային ֆոնը՝ օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով, հատկապես նախալեռնային և հովտային գոտիներում առկա է շատ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ջերմային ալիքի առկայությամբ պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի ինտենսիվությունը բավականին բարձր է նորմայից։ Ազգաբնակչությանը մենք խորհուրդ ենք տալիս 10։30-ից 17-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից»,-ասաց նա։

Գագիկ Սուրենյանի խոսքով՝ այս շոգերը վերջին տասնամյակում դարձել են սովորական երևույթ, որովհետև գրեթե ամեն տարի կրկնվում են, հատկապես շատ ինտենսիվ շոգեր են գրանցվել 2017-2018 թվականներին, երբ 40-42 աստիճան տաքությունը Արարատյան դաշտում և Երևանում պահպանվել են 10-15 օր։

«Մինչև հուլիսի 21-ը ներառյալ այդ ջերմային ալիքի ազդեցությունը պահպանվելու է, ջերամստիճանը կտատանվի Երևանում և Արարատյան դաշտում 38-40 աստիճանի սահմաններում, լեռնային մարզերում մինչև 30-33 աստիճանի սահմաններում, միակ փոփոխությունը կլինի այն, որը չի ազդի ջերմային ֆոնի վրա, որ հատկապես օրվա առաջին կեսին, մինչև կեսօր, որոշակի ամպամածություն կդիտվի, որը կեսօրից հետո կցրվի։

Հուլիսի 22-ից հետո այդ ջերմային ալիքն աստիճանաբար նահանջում է դեպի հարավ՝ իր տեղը զիջելով սև ծովի կողմից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին, որոնք պետք է ասեմ՝ այդքան էլ ինտենսիվ չեն, ըստ կանատեսումների՝ հուլիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը մոտ 4-5 աստիճանով կնվազի և արդեն ամսի 23-24-ին մենք 38-40-ի փոխարեն ցերեկային ժամերին Արարատյան դաշտում և մայրաքաղաքում կգրանցենք մինչև 34-35 աստիճան ջերմություն։ Տեղումներ դեռևս հորիզոնում չեն երևում, որովհետև ներխուժած օդը շատ չոր է, ցերեկային ժամերին հարաբերական խոնավությունը իջնում է մինչև 10-12 տոկոս»,-մանրամասնեց Սուրենյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում