ՄԱԿ գլխավոր քարտուղարը՝ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները և ընդգծել Մոսկվայի միջնորդական դերը, ասվում է Գլխավոր քարտուղարի փոխներկայացուցիչ Ֆարհան Հակի մեկնաբանության մեջ։
«Գլխավոր քարտուղարը ողջունում է նոյեմբերի 26-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի եռակողմ հանդիպումը և ի գիտություն է ընդունում նրանց համատեղ հայտարարությունը։ Նա գոհունակությամբ նշում է Ռուսաստանի Դաշնության դերը շփումների և երկխոսության շարունակման դյուրացման գործում»,- ասել է Հակը։
Նրա խոսքով, գլխավոր քարտուղարը ոգևորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով անմիջական փոխգործակցության վերսկսմամբ և այն փաստով, որ նրանք վերահաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներն ամբողջությամբ իրականացնելու իրենց մտադրությունը։ Հակը նշել է, որ Գուտերեշը նաև ողջունել է, որ Բաքուն և Երևանը վերահաստատել են տարածաշրջանում կայունության բարձրացմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու իրենց մտադրությունը։
Նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Բաքվին և Երևանին լուծել հակասությունները երկխոսության միջոցով բոլոր ձևաչափերով, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, ասել է նրա պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։
Ըստ նրա՝ գլխավոր քարտուղարը վերահաստատում է ՄԱԿ-ի սկզբունքային դիրքորոշումը, որ «տեւական խաղաղության կարելի է հասնել միայն երկխոսության միջոցով, և կողմերին կոչ է անում լուծել մնացած խնդիրները՝ օգտագործելով բոլոր առկա ձևաչափերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»։
«ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել բոլոր նման ջանքերին, այդ թվում՝ մարդասիրական օգնության, վերականգնման և խաղաղության հաստատման միջոցով», – ասել է Հակը:
Կարծիքներ