Մահվան ելքով ՃՏՊ Պռոշյան գյուղում. նախորդ տարի նույն վայրում վրաերթի էր ենթարկվել մահացածի հայրը
Այսօր՝ հունիսի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, ոստիկանության Նաիրիի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան գյուղում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են ոստիկանները:
Պարզվել է, որ Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արամազդ Ղ.-ն, իր վարած «Cadillac» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Տաթևիկ Ս.-ին։
Դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Վարորդն էլ փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել և ահազանգել է շտապօգնություն:
Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ 1 տարի առաջ նույն վայրում վրաերթի է ենթարկվել այսօր մահացածի հայրը. նա ստացել էր մարմնական վնասվածքներ։
Կարծիքներ