Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության տարեդարձի ընդունելությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 7-ին մասնակցել է Հայաստանում Վրաստանի դեսպանատանն անցկացվող Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված ընդունելությանը, որտեղ հանդես է եկել շնորհավորական խոսքով:
«Ջերմորեն շնորհավորում եմ եղբայրական Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ: Հպարտությամբ պետք է նշեմ, որ պատմական դժվարին շրջափուլերը մեր եղբայրական ժողովուրդները հաղթահարել են միասնական պայքարի և համագործակցության միջոցով՝ միահյուսելով մեր ժողովուրդների պատմությունն ու մշակույթը»,- ելույթի սկզբում նշել է խորհրդարանի ղեկավարը:
Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ վերջին ժամանակներում աննախադեպ սերտ համագործակցություն է ծավալվում ինչպես երկու երկրների օրենսդիր մարմինների, այնպես էլ Հայաստանի և Վրաստանի տարբեր գերատեսչությունների միջև:
«Անշուշտ, անվերջ կարելի է խոսել հայ-վրացական եղբայրության, բարեկամության, մշակութային համատեղ հարուստ ժառանգության, ընդհանուր արժեհամակարգի և մեր նմանությունների մասին: Թույլ տվեք վերստին շնորհավորել եղբայրական Վրաստանին անկախության օրվա կապակցությամբ:
Կեցցե՛ անկախ Վրաստանը: Կեցցե՛ հայ-վրացական հարատև բարեկամությունը»,- ասել է ԱԺ նախագահը:
Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի գործադիր և օրենսդիր մարմինների, օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և այլ պաշտոնյաներ:
Կարծիքներ